Դատարանը կարող է ստիպել Դևիդ Կոպերֆիլդին բացահայտել իր հայտնի հնարքի գաղտնիքը
Հանրահայտ իլյուզիոնիստ Դևիդ Կոպերֆիլդին կարող են ստիպել բացահայտել իր հայտնի հնարքներից մեկի՝ «տելեպորտացիայի» գաղտնիքը:
Ինչպես հայտնում է NTV-ն, այսօր կկայանա դատական նիստը՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացու հայցադիմումի հիման վրա, որը հայտարարել է, որ վնասվածք է ստացել ամերիկացու շոուին մասնակցելիս:
Ինչպես հաղորդվում է, բրիտանացի հանդիսատեսը հայտնվել է այն 13 մասնակցի շարքում, որոնց պատահականության սկզբունքով ընտրել էին հնարքի իրագործմանը մասնակցելու համար: Հնարքի ժամանակ մարդիկ անհետանում են բեմում կախված վանդակից, այնուհետև հայտնվում են դահլիճում: Այդ շոուի ժամանակ էլ լուրջ վնասվածք է ստացել բրիտանացի խոհարար Գևին Կոկսը:
Կոպերֆիլդն իր մեղքը հերքում է և ամեն ինչ անում է դատավարությունից խուսափելու համար: Դատարանը կարող է պահանջել բացահայտել այդ հնարքի գաղտնիքը: Այս պահանջով դիմել է տուժածի փաստաբան Բենեդիկտ Մորելին:
«Ես պետք է զրուցեմ նրա հետ, որպեսզի ատենակալները իմանան, թե ինչպես է աշխատում այդ խաբկանքը: Ես պետք է հարցնեմ, թե ինչ է տեղի ունեցել հնարքի ժամանակ և ինչու է իմ հաճախորդը տուժել», - ասել է փաստաբանը:










