ՌԴ պետդումայում ԱՄՆ պատժամիջոցներին պատասխան քայլերի վերաբերյալ օրենքի նախագիծ է ներկայացվել

17:23 • 13.04.18

ՌԴ Պետդումայում ԱՄՆ պատժամիջոցներին պատասխան քայլերի վերաբերյալ օրենքի նախագիծ է ներկայացվել, հայտնում է rbc.ru-ն:


«Ամերիկայի Միացյալ Նահանգների և (կամ) այլ օտար պետությունների ոչ բարեկամական գործողություններին հակազդեցության միջոցների մասին» օրենքի նախագիծը ներկայացրել են Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը և բոլոր խմբակցությունների ղեկավարները:

Օրենքի նախագիծը նախատեսում է ԱՄՆ-ից գյուղատնտեսական մթերքների և հումքի, ալկոհոլային և ծխախոտային արտադրանքի, դեղորայքների (բացառությամբ Ռուսաստանում դրանց համարժեքները չունեցող տեսակների) ներկրման արգելք կամ սահմանափակում, հազվագյուտ մետաղներից արտադրանքի և սարքավորումների արտահանման արգելք կամ սահմանափակում, տեխնոլոգիական սարքավորումների և ծրագրային ապահովման պետական գնումների արգելք, ապրանքանշանների, որոնց իրավունքները պատկանում են ԱՄՆ քաղաքացիներին, գոյություն ունեցող բացառիկ իրավունքների զրկում, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման արգելք, բեռնափոխադրում իրականացնող և Ռուսաստանի օդային տարածքն օգտագործող օդանավերի համար աերոնավիգացիոն սպասարկման վճարների ավելացում:

Փաստաթուղթը ենթադրում է Ռուսաստանի և ռուսական իրավաբանական անձանց միջազգային համագործակցության դադարեցում ԱՄՆ-ի և այն կազմակերպությունների հետ, որոնց կապիտալում ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում են ԱՄՆ իրավասության տակ գտնվող կազմակերպություններ միջուկային արդյունաբերության, ավիաշինության, հրթիռաշարժիչային արդյունաբերության, խորհրդատվական, աուդիտորական և իրավաբանական ծառայությունների ոլորտներում: