Եթե ԱՄՆ-ը հարվածի Սիրիայում գտնվող ռուսական ռազմաբազային, ՀԱՊԿ անդամներ Հայաստանը, Բելառուսը և մյուսները դժվար թե օգնեն ՌԴ-ին. Կ. Կալաչև
Եթե Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական գործողություններ սկսվեն, արդյո՞ք ՀԱՊԿ անդամ-պետությունները կմասնակցեն դրան: Պատասխանը միանշանակ է՝ ոչ, չեն մասնակցի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքական տեխնոլոգ, քաղաքագետ Կոնստանտին Կալաչևը՝ վերլուծելով այն հնարավոր հետևանքները, որոնք կարող են առաջանալ ԱՄՆ կողմից Սիրիային հարվածելուց հետո:
«Իրավիճակն այնպիսին է, որ եթե մի բան լինի, անգամ Ռուսաստանի ՀԱՊԿ դաշնակիցները դժվար թե օգնեն Ռուսաստանին: Պատրա՞ստ է Հայաստանը, Ղազախստանը կամ Բելառուսը պատերազմել Ռուսաստանի շահերի համար, այն էլ այնպիսի շահերի, որոնք ՌԴ-ն ունի Սիրիայից, որոնք մինչև վերջ այդքան էլ հասկանալի չեն»,- ասաց Կոնստանտին Կալաչևը:
Հարցին՝ ո՞ր դեպքում է Ռուսաստանն ակնկալում ՀԱՊԿ անդամ-երկրների մասնակցությունը՝ Սիրիայում ռուսական ռազմաբազայի վրա հարվածների՞, թե՞ Ռուսաստանի սահմանների մոտ հնարավոր ռազմական գործողությունների պարագայում, քաղաքապետը պատասխանեց. «Կարծում եմ, որ եթե անգամ Սիրիայում գտնվող ռուսական ռազմական բազայի հետ մի բան լինի՝ ՀԱՊԿ-ը հայտարարություններով կսահմանափակվի, դրանից ավել չի գնա, գործողություններ չի նախաձեռնի: Պատկերացրեք՝ Բելառուսը, Ղազախստանն իրենց հարց կտան՝ ինչո՞ւ պետք է մասնակցեն դրան»:
Կոնստանտին Կալաչևը նշեց, որ ինքը հարգում է ՀԱՊԿ-ը, բայց չի կարծում, որ այն արդյունավետ կառույց է, էֆեկտիվ գործիք: Նա բերեց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների օրինակը՝ հռետորական հարց բարձրացնելով, թե ի՞նչ կանի ՀԱՊԿ-ը, եթե կողմերի միջև սկսվեն ռազմական գործողություններ, արդյոք կմասնակցի՞ դրանց: «Կարծում եմ, որ պատասխանն ակնհայտ է»,- հավելեց նա:
Կալաչևն ասաց, որ հետխորհրդային տարածքներում ստեղծված մի շարք կառույցներ իրենց բնույթով արհեստական են, դրանք չեն գործում, դրանք նպատակ ունեն ապահովել ստատուս քվո:
Խոսելով այն մասին, թե արդյոք հնարավո՞ր է կարգավորել ռուս-ամերիկյան հարաբերութուններն այսքանից հետո, քաղաքագետը պատասխանեց, որ հարցը նրանում է, թե ինչի՞ մասին կերկխոսեն ԱՄՆ-ն ու ՌԴ-ն:
«Երբ Թրամփը խոսում է հարգանքի մասին, այն մասին, որ կողմերը լինեն իրավահավասար, դրա համար պետք է կոնկրետ քայլեր արվեն, կոնկրետ առաջարկներ: Ճանապարհային քարտեզ է պետք՝ հարաբերությունների կարգավորման համար: Միայն խոսել այն մասին, որ հարգանք է պետք, բավարար չէ»,- ասաց Կալաչևը:
Քաղաքագետը նշեց, որ Ռուսաստանի պետական դուման քննարկում է հնարավոր «հակահարվածները»:
Կոնստանտին Կալաչևը միաժամանակ ասաց, որ հարվածելով Սիրիայում գտնվող ռազմական բազաների, ռազմական նշանակության օբյեկտների ուղղությամբ՝ իրավիճակը չի փոխվի, որովհետև նման միջադեպեր այս կամ այն մասշտաբով գրանցվել են:
«Ռուսական ավիաբազան, որը տեղակայված էր Սիրիայում, արդեն մի անգամ հրթիռակոծվել է, այնպես որ չեմ կարծում, որ եթե ԱՄՆ-ն նման մի բազայի հարվածի, իրավիճակն ավելի կվատանա, քան ներկայում: Այլ հարց է, որ Միացյալ Նահանգները հարվածեն այն վայրերի ուղղությամբ, որտեղ գտնվում է նախագահ Բաշար Ասադը, իսկ ռուսական զինվորները գործի դնեն հակաօդային պաշտպանության համակարգերը»,- կանխատեսեց ռուսաստանցի քաղաքագետը:
Ըստ նրա ՝միանշանակ է, որ երրորդ համաշխարհային պատերազմն այս ամենից չի սկսվի, բայց լարվածությունը կաճի: «Խնդիրը կլինի այն պարագայում, երբ ամերիկյան զենքից մահանան ռուս զինվորականներ: Կարծում եմ, որ Թրամփն այսպիսով ուզում է ցույց տալ իր հնարավորությունները: Իրավիճակը փակուղային է: Հնարավոր չէ բավարարել բոլորի շահերը, ակնկալիքները: ԱՄՆ նախագահի համար կարևոր է ցույց տալ, որ ինքը վճռական մարդ է, որոշումներ է կայացնում: Նա ուզում է ձերբազատվել այն կարծիքներից, որ Ռուսաստանն օգնել է իրեն ընտրվել, ու ինքը Ռուսաստանի հանդեպ լավ տրամադրված գործիչ է»,- ընդգծեց Կալաչևը:










