«Աստված մի արասցե, Սիրիայում լիբիական կամ իրաքյան սցենարով արկածախնդրություն ձեռնարկվի». Լավրով

15:55 • 13.04.18

Մոսկվան հուսով է, որ ոչ մեկ չի համարձակվի Սիրիայում լիբիական կամ իրաքյան սցենարով արկածախնդրության: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Աստված մի արասցե, Սիրիայում լիբիական կամ իրաքյան փորձով արկածախնդրություն ձեռնարկվի: Հուսով եմ՝ հիմա նման արկածախնդրության գնալ ոչ մեկ չի համարձակվի: Բայց, այնուամենայնիվ, անգամ փոքր էքսցեսները կհանգեցնեն Եվրոպա ներգաղթյալների նոր ալիքի և շատ այլ դրսևորումների, որոնք բոլորովին պետք չեն ո՛չ մեզ, ո՛չ մեր եվրոպացի հարևաններին: Եվ որոնք կարող են ուրախացնել միայն նրանց, ովքեր պաշտպանված են օվկիանոսով և հույս ունեն ապահով սպասել այս ամբողջ տարածաշրջանը խառնելու ընթացքում՝ շարունակելու համար այստեղ առաջ տանել իրենց աշխարհաքաղաքական նախագծերը»,- ասել է Լավրովը:

Սիրիական ռեժիմի դաշնակից Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման հեռանկարը խիստ հավանական է դարձել այն բանից հետո, երբ ապրիլի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարեց Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին: Իր այդ հայտարարությունից հետո Թրամփը մեղմեց իր դիրքորոշումը, և Սպիտակ տունը հայտարարեց, որ հնարավոր գործողությունների վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել:

Ռուսաստանը նախազգուշացրել է Արևմուտքին հարձակում չիրականացնել իր դաշնակից Բաշար ալ Ասադի դեմ և սպառնացել է կործանել Սիրիայի ուղղությամբ արձակված հրթիռները:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։ Նրանք համաձայնել են, որ կարևոր է արձագանքել Ասադի կողմից քիմիական զենքի օգտագործմանը և որ նրանք կշարունակեն համակարգել այդ ուղղությամբ իրենց քայլերը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, իր հերթին, հայտարարել է, որ Ֆրանսիան ապացույցներ ունի, որ Սիրիայի կառավարությունը քիմիական հարձակում է իրականացրել Դամասկոսի մոտակայքում: