Մոսկվան ապացույցներ ունի, որ սիրիական Դումայում քիմիական հարձակումը բեմադրված է եղել. Լավրով

16:37 • 13.04.18

Մոսկվան անհերքելի ապացույցներ ունի, որ սիրիական Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակումը բեմադրված է եղել: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախարարի խոսքով՝ դրան ներգրավված են «մի երկրի հատուկ ծառայություններ, որն այժմ ձգտում է լինել ռուսաֆոբ արշավի առաջին շարքերում»:

Լավրովը հիշեցրել է, որ Սիրիա է մեկնել Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների առաքելությունը:

«Այն պետք է ժամանի Դամասկոս, իմ կարծիքով, վաղն առավոտյան, և մենք հույս ունենք, որ առանց հապաղելու այն կմեկնի Դումա, որտեղ տարածքն ուսումնասիրած մասնագետները չեն հաստատել քիմիական զենքի, քլորի կամ որևէ այլ նյութի կիրառումը»,- ասել է նա:


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին հայտարարել է, որ Ֆրանսիան ապացույցներ ունի, որ Սիրիայի կառավարությունը քիմիական հարձակում է իրականացրել Դամասկոսի մոտակայքում, որին զոհ է գնացել ավելի քան 40 մարդ։