Ֆրանսիան Սիրիայում գործել է իր գործողությունները դաշնակիցների հետ համակարգելով. երկրի ԱԳՆ

09:58 • 14.04.18

Ֆրանսիան Սիրիայում գործել է ավելի վաղ տված խոստմանը համաձայն և իր գործողությունները դաշնակիցների հետ համակարգելով։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լը Դրիանը։


«Մենք գործել ենք՝ հաստատելով մեր խոսքերը, հաստատելով մեր պարտավորությունները և մեր գործողությունները դաշնակիցների հետ համակարգելով»,- ասել է նա՝ խոսելով Սիրիային այս գիշեր հասցված հարվածների մասին։


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժողովրդին ուղղված տեսաուղերձով է հանդես եկել, որի ժամանակ հայտարարել է Սիրիային հարված հասցնելու մասին։ Ավելի ուշ հարվածներ հասցնելը հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև՝ Ելիսեյան պալատը։


ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 3.42-ից մինչև 5.10, ԱՄՆ ԶՈՒ օդանավերն ու նավերը, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին։


Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։


ՌԴ ՊՆ-ն հաղորդում է նաև, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։