Life-ը կազմել է երկրների ցանկը, որոնք աջակցություն են հայտնել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հարվածներին

11:56 • 14.04.18

Առաջին երկրները, որ աջակցություն են հայտնել Սիրիային հասցված ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հրթիռային հարվածներին, Կանադան ու Ավստրալիան են, հայտնում է life.ru-ն։


Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտարարել է, որ երկիրը հետագայում էլ կաշխատի միջազգային գործընկերների հետ՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման դեպքի առավել խորը հետաքննության համար։


Նման կարծիքի է նաև Ավստրալիայի ԱԳՆ ղեկավար Ջուլի Բիշոպը։ «Ավստրալիան աջակցում է այդ հարվածներին, որոնք ցուցադրում են համամասնական, կշռադատված և հասցեական պատասխան»,- ասել է Բիշոպը։


Նրա խոսքով՝ այդ քայլով Ասադի ռեժիմին և նրան աջակցող Իրանին ու Ռուսաստանին հղվել է հստակ ազդանշան առ այն, որ քիմիական զենքի կիրառումն անհետևանք չի մնա։


ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հարվածներին աջակցություն են հայտնել նաև Ճապոնիան՝ ի դեմս վարչապետ Սինձո Աբեի, Թուրքիան։


Թուրքիայի ԱԳՆ-ն Սիրիայի դեմ հարվածն անվանել է «շատ տեղին» և նշել, որ Դումայում քիմիական հարձակումից հետո «այս ռազմական գործողությունը դարձել է ամբողջ մարդկության խղճի արտահայտումը»։ 


Աջակցություն են հայտնել նաև Չեխիան, Դանիան, որի ԱԳՆ ղեկավար Անդերս Սամուելսենը հայտարարել է, որ Կոպենհագենում «անխոս աջակցում են սիրիական վայրագությունների դեմ պատասխան քայլերին»։


Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։ 


ՌԴ ՊՆ-ն հաղորդում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հակաօդային պայքար է մղել, հրթիռների զգալի մասը ոչնչացվել է թիրախներին հասնելու ընթացքում։


Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական  B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժողովրդին ուղղված տեսաուղերձով է հանդես եկել, որի ժամանակ հայտարարել է Սիրիային հարված հասցնելու մասին։ Ավելի ուշ հարվածներ հասցնելը հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաև՝ Ելիսեյան պալատը։


ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 14-ին՝ ռուսական ժամանակով ժամը 3.42-5.10-ը, ԱՄՆ ԶՈՒ օդանավերն ու նավերը, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ, հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի ռազմական ու քաղաքացիական օբյեկտներին։