ԱՄՆ–ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Սիրիայում (տեսանյութ, լուսանկարներ)
Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Սիրիայում ավիահարվածներ են հասցրել երեք կետի, որոնք առնչություն ունեն Սիրիայում քիմիական զենքի ստեղծման աշխատանքներին։ Այս մասին հայտարարել է Պենտագոնը։
Դամասկոսում տեղակայված թիրախը եղել է գիտահետազոտական կենտրոն, որը մասնակցել է քիմիական զենքի ստեղծմանը։ Հոմս քաղաքում ԱՄՆ–ի և դաշնակիցների օդուժը հարվածել է քիմիական զենքի պահեստին։
Ավիահարվածի երրորդ թիրախը եղել է քիմիական նյութերի պահեստ և հրամանատարական կետը։
Պենտագոնը նաև հայտարարել է, որ առաջիկայում նոր ավիահարվածներ չեն նախատեսվում։
Սպիտակ տնից ամերիկացիներին ուղղված ուղերձում ավիահարվածների մասին ի սկզբանե հայտարարել է ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը։ «Այս պահին Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հետ համատեղ գործողություն է ընթանում»,– հայտարարել է նա։
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջոն Մետիսն ասել է, որ ավիահարվածը կրկնակի հզոր է եղել նախորդ անգամվանից, երբ Սիրիայում քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան ամերիկյան օդուժը ռմբահարել էր սիրիական ռազմական օդանավակայանը։ Նա նաև տեղեկացրել է, որ ամերիկյան կողմը կորուստներ չի ունեցել։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել է համատեղ գործողությանը բրիտանական ուժերի մասնակցությունը՝ ավելացնելով, որ «ուժի չկիրառմանը որևէ իրատեսական այլընտրանք չի եղել»։ Նա նաև ասել է, որ այս ավիահարվածների նպատակը Սիրիայում վարչակարգի փոփոխությունը չէ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես հաստատել է ֆրանսիական զինուժի մասնակցությունն այս գործողությանը։ «Տասնյակ տղամարդիկ, կանայք և երեխաներ են սպանվել քիմիական զենքի կիրառման հետևանքով»,– ասել է նա նկատի ունենալով սիրիական Դումա քաղաքում անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպի մասին։ Նա նաև նշել է, որ այդ միջադեպով սիրիական վարչակարգն անցել էր բոլոր սահմանները։ 











