Հոլիվուդում անհետացել է «Երկաթե մարդու» 325.000 դոլար արժողությամբ կոստյումը
Հոլիվուդի գույքի և բեմական ռեկվիզիտի պահեստից անհետացել է կոստյումը, որն ամերիկացի դերասան Ռոբերտ Դաունի կրտսերը կրել է «Երկաթե մարդը» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այժմ Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում 325 հազար դոլարանոց կոստյումի անհետացման առնչությամբ:
Ինչպես տեղեկացրել է Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչ Քրիստոֆեր Նոուն, հանրահայտ կոստյումն անհետացել է պահեստից մոտավորապես փետրվարից մինչև ապրիլի վերջ ընկած ժամանակահատվածում, սակայն կորուստը նկատել են միայն այժմ: Նրա խոսքով՝ պահեստի աշխատակիցները «պատահաբար» որոշել են ստուգել այն ու հայտնաբերել, որ կոստյումն անհետացել է:
Հայտնի է, որ Ռոբերտ Դաունի կրտսերը կրել է այս կոստյումը սուպերհերոսի մասին առաջին ֆիլմում, որն էկրաններ է դուրս եկել 2008 թվականին: Հետագայում նա կրել է այն ևս 10 ֆիլմում:










