Նյու Յորքի և Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարաններում հայտնվել են արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի մոմե արձանները (լուսանկարներ, տեսանյութ)

10:58 • 10.05.18

Նյու Յորքի և Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարաններում նախօրեին հայտնվել են Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի ու նրա հարսնացու Մեգան Մարքլի մոմե արձանները:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Նյու Յորքի Մադամ Տյուսոյի թանգարանում Հարիի ու Մեգանի մոմե արձանները տեղադրվել են պալատական սենյակ կրկնօրինակող սենյակում: Հատկանշական է, որ Հարիի արձանը ենթարկվել է փոփոխությունների. արձանի դեմքին մազածածկույթ է ավելացվել:  

Լուսանկարներում երևում է, որ Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանում «մոմե Մեգան Մարքլը» նրբագեղ կանաչ զգեստ է կրում. սա այն զգեստի պատճենն է, որը Մեգանը կրել է նշանադրության օրը:

Թե՛ Նյու Յորքի, թե՛ Լոնդոնի թանգարաններում Հարին ներկայացված է մուգ կապույտ կոստյումներով, իսկ Մեգանի մատին առկա է նշանադրության մատանին, որի դիզայնի հեղինակը, աղբյուրի հաղորդմամբ, արքայազն Հարին է:

Հիշեցնենք, որ զույգի հարսանիքը տեղի կունենա մայիսի 19-ին՝ Վինձոր ամրոցի Սուրբ Ջորջ մատուռում: Հարսանեկան արարողությանը շուրջ 600 հյուր ներկա կգտնվի, որոնց արդեն հրավիրատոմսեր են ուղարկվել:

 



Զույգի մոմե արձանները Նյու Յորքի Մադամ Տյուսոյի թանգարանում

 

Զույգի մոմե արձանները Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանում

Նյու Յորքի և Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարաններում հայտնվել են արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի մոմե արձանները (լուսանկարներ, տեսանյութ)