«Կարմիր խնդիրներ». նորզելանդացի լուսանկարչուհին որոշել է դիմանկարներով վերջ դնել կարմրահերներին ուղղված ծաղրին (լուսանկարներ)
Հայտնի է, որ մեծամասնությունից տարբերվող արտաքին ու պահվածք ունեցող մարդիկ գտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում և երբեմն նույնիսկ ծաղրի առարկա դառնում, ինչը խոչընդոտում է նրանց շփմանը մարդկանց հետ և բացասաբար ազդում կյանքի մի շարք ոլորտների վրա:
Նորզելանդացի լուսանկարչուհի Բյանկա Դույմելը որոշել է օգնել այն մարդկանց, որոնք ծաղրի առարկա են դառնում իրենց արտաքինի, մասնավորապես՝ կարմիր մազերի պատճառով:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, լուսանկարիչը չի առնչվել այս խնդրի հետ, սակայն նա ականատես է եղել՝ ինչպես են ուրիշները տուժում ընդամենը տարբերվող մազեր ունենալու համար:
Աղբյուրի հաղորդմամբ՝ լուսանկարիչը հատուկ էջ է բացել Facebook-ում՝ կարմիր մազերով մոդելներ գտնելու համար, և կարճ ժամանակում մոտ 700 մարդ արձագանքել է նրա հայտարարությանը:
Նշվում է, որ ստացված դիմանկարներից 70-ը տեղ են գտել լուսանկարչի առաջին գրքում, որը նա անվանել է «Կարմիր խնդիրներ»:
Դույմելը հույս է հայտնել, որ կարմրահեր երեխաներին ու երիտասարդներին լուսանկարելը և վստահություն ներշնչելը կօգնի նրանց հետագայում խուսափել բարդույթներից և այլ խնդիրներից:
«Այս դիմանկարներն իրոք հետաքրքիր են մարդկանց. նրանք ստիպում են մտածել և վերանայել իրենց վերաբերմունքը կարմրահերների հանդեպ», - պատմել է լուսանկարիչը:







Բյանկա Դույմել











