Դմիտրի Նագիևը պատմել է Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ֆիլմի նկարահանման դժվարությունների մասին
Ռուս դերասան Դմիտրի Նագիևը պատմել է, թե ինչ դժվարությունների է ստիպված եղել բախվել կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ֆիլմի նկարահանումների ժամանակ:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, ֆիլմը պատմում է 2002-ին Բոդենի լճի մոտակայքում տեղի ունեցած ողբերգության պատմությունը, որի հետևանքով Նագիևի մարմնավորած կերպարը՝ Վիտալի Կալոևը, կորցնում է իր ընտանիքը:
Կաննի կինոփառատոնի ռուսական տաղավարում ֆիլմի շնորհանդեսի ժամանակ Նագիևը պատմել է, որ ամենաանտանելին նկարահանումների ժամանակ մորուքներ կպցնելն է եղել:
«Դրանք հուսահատության պահեր էին: Մեկ օրում մենք միանգամից մի քանի վերամարմնավորում էինք նկարահանում. նախքան ողբերգությունը, ողբերգության պահին և այն պահերին, երբ հերոսը խելագարվում է: Եվ այդ ողջ ընթացքում նա տարբեր չափսերի մորուք ուներ: Ցանկանում էի մոտենալ և ասել. «Ներիր, բայց ես չեմ կարող»», - կիսվել է Նագիևը:
Սարիկ Անդրեասյանը, իր հերթին, ընդգծել է, որ ցանկացել է ֆիլմը նկարահանել՝ առավելագույն հարգանք պահպանելով գլխավոր հերոսի նախատիպի և ողբերգության զոհերի հարազատների նկատմամբ:
Իրական իրադարձությունների վրա հիմնված ֆիլմն արդեն նկարահանվել է Արևմուտքում, որի գլխավոր դերակատարն է Առնոլդ Շվարցենեգերը: Ֆիլմը պատմում է ռուսաստանաբնակ ճարտարապետի մասին, որը սպանել է ավիակարգավարին, որի սխալի պատճառով ավիավթարից զոհվել էին նրա կինն ու երեխաները:










