Սա ինքս իմ դեմ պայքարելու միջոց էր. «Եվրատեսիլ 2018»-ի հաղթողը կիսվել է ստացած տպավորություններով (տեսանյութ)
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ավարտվել է «Եվրատեսիլ 2018» համաեվրոպական երգի մրցույթը, որում հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Նետտան՝ Toy («Խաղալիք») երգով:
Ինչպես նշում է ria.ru-ն, երգչուհին ընդգծել է, որ մասնակցությունը յուրատեսակ պայքար էր ինքն իր հետ: Բացի դրանից, հաղթողն ասել է, որ շատ հպարտ է հեղինակավոր մրցույթը հաջորդ տարի իր երկրում անցկացնելու իրավունքը նվաճելու համար:
«Իրականում սա ինձ համար ոչ թե այլ երգիչների հետ մրցելու հարթակ էր, այլ ինքս իմ դեմ պայքարելու միջոց: Կարծում եմ՝ բոլորն էլ հրաշալի ելույթ ունեցան, բայց դե ինչ-որ մեկը պետք է հաղթեր»,- լրագրողներին ասել է նա:
Աղբյուրը նկատում է, որ Toy երգը մեծ հաջողություն ունի ունկնդիրների շրջանում: Նշվում է, որ մրցույթի յութուբյան ալիքում այն դիտվել է ավելի քան 26.000 անգամ:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2018»-ում երկրորդ տեղը զբաղեցրել է Կիպրոսը, երրորդը` Ավստրիան։
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած մրցույթին այս տարի մասնակցում էր 42 երկիր։ 2 կիսաեզրափակչի արդյունքում եզրափակչում հայտնվեցին Ավստրիան, Էստոնիան, Իսրայելը, Կիպրոսը, Լիտվան, Չեխիան, Բուլղարիան, Ալբանիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Ավստրալիան, Հունգարիան, Ուկրաինան, Շվեդիան, Նորվեգիա, Դանիան, Սերբիան, Մոլդովան, Սլովենիան և Նիդեռլանդները։ Եզրափակչում նրանց միացան «Եվրատեսիլ 2017»-ի հաղթող Պորտուգալիան և մրցույթի կազմակերպիչ հանդիսացող երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան Իտալիան և Իսպանիան:
Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը դուրս մնաց կիսաեզրափակչից։ Հայաստանի մասնակցության 11 տարվա ընթացքում երկրորդ դեպքն է, երբ մեր երկիրը չի հայտնվում մրցույթի եզրափակչում։ Մրցույթի կիսաեզրափակիչը չէր հաղթահարել նաև Էմմին` 2011 թվականին։










