832 մլն դոլար. Ռոքֆելլերի արվեստի գործերի հավաքածուն հանվել է աճուրդի և 22 համաշխարհային ռեկորդ սահմանել (լուսանկարներ)
Հեղինակավոր Christie's աճուրդի տունը վաճառքի է հանել միլիարդատեր Դևիդ Ռոքֆելլերին և նրա կնոջը՝ Փեգիին պատկանած արվեստի գործերի մեծ հավաքածուն, որում ներառված նմուշները 22 համաշխարհային ռեկորդ են սահմանել աճուրդի ժամանակ:
Ինչպես նշում է The Guardian-ը, ընդհանուր առմամբ, հավաքածուի վաճառքից ստացվել է 832 մլն դոլար: Արդյունքում սա դարձել է արվեստի գործերի՝ աճուրդում վաճառված ամենաթանկ մասնավոր հավաքածուն:
Նշվում է, որ ստացված հասույթը տրամադրվելու է բարեգործությանը:
Հայտնի է, որ Նյու Յորքում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել է ավելի քան 1.500 նմուշ, որոնցից մեկը՝ Պաբլո Պիկասոյի «Ծաղիկների զամբյուղով աղջիկը», ձեռք է բերվել 115 մլն դոլարով: Կլոդ Մոնեի հանրահայտ ջրաշուշաններով կտավը վաճառվել է 84 մլն դոլարով, մինչդեռ Անրի Մատիսի «Հարճը» կտավը վաճառվել է 80.8 մլն դոլարով: Հայտնի է, որ երեք կտավներն էլ վաճառքի գնի ռեկորդ են սահմանել:
Հիշեցնենք, որ Դևիդ Ռոքֆելլերը մահացել է 2017թ.: Նա մեծահարուստ նավթային բարոն Ջոն Ռոքֆելլերի թոռն էր:
Պիկասոյի կտավը

Մատիսի կտավը

Մոնեի կտավը











