Էլթոն Ջոնը ելույթ կունենա արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքին

10:38 • 17.05.18

Բրիտանացի երգիչ-երգահան Էլթոն Ջոնը ելույթ կունենա արքայազն Հարիի և ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի հարսանյաց արարողությանը: Այս մասին հայտնում է TMZ-ն՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով:

Հայտնի է, որ Էլթոն Ջոնը չափազանց մտերիմ է եղել արքայազն Հարիի մոր՝ 1997թ. ավտովթարի հետևանքով զոհված արքայադուստր Դիանայի հետ: Ի դեպ, նրա ողբերգական մահից հետո, երաժիշտը մեծ աջակցություն է ցուցաբերել այն ժամանակ դեռ դեռահասներ արքայազն Ուիլյամին ու Հարիին:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Մեծ Բրիտանիայում կկայանա արքայական ընտանիքի ամենասիրված անդամներից մեկի՝ արքայազն Հարիի և նրա ընտրյալի՝ ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրության արարողությունը:

Հայտնի է, որ այս իրադարձությունը շատ սպասված է ոչ միայն բրիտանացիների, այլև թագավորական ընտանիքի՝ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող երկրպագուների համար:

Զույգի պսակադրությունը կայանալու է Վինձորյան պալատում՝ Սուրբ Գեորգի եկեղեցում: Հանդիսավոր արարողությանը հրավիրված է 2.640 մարդ՝ արիստոկրատիայի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, մարզիկներ, գործարարներ, դիվանագետներ, բարեգործական կազմակերպությունների աշխատակիցներ, պարզապես մտերիմ ընկերներ ու հարազատներ:

Էլթոն Ջոնը ելույթ կունենա արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքին