«Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի հայ նկարչուհին իր էսքիզների ցուցահանդես կկազմակերպի
Մոսկվայի Դեկորատիվ-կիրառական և ժողովրդական արվեստի համառուսական թանգարանում կբացվի Ռուսաստանի վաստակավոր նկարիչ, Կինեմատոգրաֆիստների միության անդամ Ժաննա Մելքոնյանի հոբելյանական ցուցահանդեսը, հայտնում է rusarminfo.ru-ն՝ վկայակոչելով թանգարանի մամուլի ծառայությունը։
«Կինոյում նկարչի դերը չափազանց մեծ է: Միայն էսքիզ ստեղծելը քիչ է, պետք է այն նաև կյանքի կոչել: Հերոսների մասին հստակ պատկերացում ունենալուց հետո է միայն կարելի գեղարվեստական կերպար ստեղծել: Ամեն անգամ նկարիչը գործ ունի մարդկային ինքնատիպ, չկրկնվող անհատականության հետ»,-նշել է Մելքոնյանը:
Հայտնի է, որ ցուցահանդեսին ներկայացվելու են հայտնի ֆիլմերի՝ այդ թվում նաև օսկարակիր «Մոսկվան արցունքներին չի հավատում» կինոնկարի հերոսների համար ստեղծված կոստյումների հեղինակային էսքիզները:
Ցուցահանդեսը կկայանա հունիսի 9-15-ը: Դրա շրջանակում կներկայացվեն նաև տարբեր թեմաներով՝ այդ թվում նաև Հայաստանի վերաբերյալ նկարչուհու ստեղծած արվեստի գործերը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ժաննա Մելքոնյանը ծնվել է 1947թ.՝ Գյումրիում: Որպես պրոֆեսիոնալ բեմադրող նկարիչ՝ նա մասնակցել է ավելի քան 20 ֆիլմի ստեղծման աշխատանքներին:
Մելքոնյանի աշխատանքները ներկայացվել են Տրետյակովյան պատկերասրահում, «Մոսֆիլմ» կինոստուդիայի թանգարանում, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնավոր հավաքածուներում:











