Արմեն Ջիգարխանյանի թատրոնն այսուհետ կարող է ղեկավարել Սերգեյ Գազարովը

22:30 • 31.05.18

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դեռևս հիվանդանոցում է գտնվում կանխարգելիչ բուժման նպատակով: Այդ ընթացքում ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվում նրա թատրոնի հետագա ճակատագրի մասին:

Նախօրեին տեղեկություն էր հայտնվել, որ Ջիգարխանյանի անվան թատրոնն այսուհետ կարող է ղեկավարել ռուս պրոդյուսեր և հայտնի դերասանի ընկեր Մարկ Ռուդինշտեյնը, սակայն վերջինս «Կոմսոմոլսկայա պրավդային» հայտնել է, որ իր թեկնածությունը չի հաստատվել:

«Իմ թեկնածությունը թատրոնի տնօրենի պաշտոնի համար չի անցել Մոսկվայի մշակույթի վարչությունում, սակայն ես լսել եմ, որ Արմեն Բորիսովիչն արդեն հանգիստ խոսում է գեղարվեստական ղեկավարի պաշտոնում իր հաջորդի մասին: Ասում են, որ ամենից հավանական թեկնածուն դերասան և ռեժիսոր Սերգեյ Գազարովն է: Տեսնենք՝ ինչ որոշում կկայացնեն վարչությունում Գազարովի հարցով», - «Կոմսոմոլսկայա պրավդայի» հետ զրույցում ասել է Ռուդինշտեյնը:

Աղբյուրի խոսքով՝ Գազարովը հրաժարվել է քննարկել այդ հարցը, սակայն չի էլ հերքել իր նշանակման հավանականությունը: