Ֆինլանդիան առաջարկել է ներառել սաունան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում

13:55 • 01.06.18

Ֆինլանդիան առաջարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 2019 թվականի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառել սաունայում լողանալու ֆիննական ավանդույթը, իսկ 2020 թվականի ցանկում՝ Կաուստինեն (Kaustinen) ազգային երաժշտական ոճը: Այս մասին հայտնել է երկրի կրթության ու մշակույթի նախարարությունը, տեղեկացնում է «РИА Новости»-ն:

Նշվում է, որ յուրաքանչյուր երկիր կարող է տարեկան ընդամենը մի բան առաջադրել այս ցանկում ներառելու համար:

«Ֆինլանդիայում շատ տարբեր «կենդանի» ժառանգություն կա, որը կարելի է հպարտ ներկայացնել աշխարհին: Մեր ոչ նյութական մշակութային ժառանգության լավ օրինակներից մեկը սաունայում լողանալն է», - ասել է նախարար Սամպո Տերխոն:

Տերխոյի խոսքով՝ սաունայում լողանալը ֆիննական կենսակերպի կարևոր տարր է: