Վարշավայում բացվել է լեհական օղու՝ աշխարհում առաջին թանգարանը (լուսանկարներ, տեսանյութ)
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում բացվել է լեհական օղու՝ աշխարհում առաջին թանգարանը: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Նշվում է, որ թանգարանը գտնվում է հնագույն շենքում, որտեղ 19-րդ դարում օղու գործարան էր տեղակայված: Թանգարանում ներկայացվում է օղու արտադրության պատմությունն ու ավանդույթները:
Թանգարանում պլանավորվում է տարբեր էքսկուրսիաներ անցկացնել՝ համատեղելով դրանք տարբեր շնորհանդեսների և օղու համտեսների հետ: Մոտակայքում ռեստորան է գործում, որտեղ կարելի է իսկական լեհական օղի և ավանդական լեհական ուտեստներ փորձել:
«Լեհական օղի» ասոցիացիայի նախագահ Անջեյ Շումովսկու խոսքով՝ թանգարանը բացվել է, քանի որ Լեհաստանում օղու արտադրության դարավոր ավանդույթներ կան, և այժմ այն նույնպես շարունակվում է ակտիվորեն արտադրվել:
«Լեհաստանն օղու հայրենիքն է, ծննդավայրը, առաջին մատակարարը Եվրոպական միությունում և չորրորդն աշխարհում», - ասել է Շումովսկին:













