Ռոբերտ դե Նիրոն Tony մրցանակաբաշխության բեմից հայհոյել է Թրամփին (լուսանկարներ, տեսանյութ)
Հոլիվուդյան գերաստղ Ռոբերտ դե Նիրոն ամենամյա Tony թատերական մրցանակաբաշխության ժամանակ ելույթ է ունեցել բեմից՝ իր խոսքում երկու անգամ հայհոյելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, դատելով հանդիսատեսի արձագանքից՝ Դե Նիրոյի ասածը նրանց դուր է եկել, և ոմանք նույնիսկ ոտքի են կանգնել, ծափահարել:
«Դե, սա Ռոբերտ դե Նիրոն է, ո՞վ կարող է նրա հետ վիճել»,-դերասանի խոսքը մեկնաբանել է հայտնի սցենարիստ Թոնի Քուշները:
Հայտնի է, որ Դե Նիրոն Թրամփի ամենամոլի քննադատներից է: Վերջերս նա հայտարարել էր, որ կարգելի ԱՄՆ նախագահին մուտք գործել իրեն պատկանող ռեստորանների ցանց: Իսկ նախքան Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելը, դերասանը հայտարարել էր, որ հանրապետականի հաղթանակի դեպքում կլքի ԱՄՆ-ն ու Իտալիա կտեղափոխվի:
Դե Նիրոն համոզված է, որ 71-ամյա հանրապետականը մի քանի տարով հետ է գցել Միացյալ Նահանգներն ու ոտնահարում է ժողովրդավարական արժեքները:
Հավելենք, որ Tony Awards-ը Բրոդվեյի գլխավոր իրադարձությունն է, որն անցկացվում է Նյու Յորքում:













