Գլազգոյի արվեստի դպրոցում խոշոր հրդեհ է բռնկվել (լուսանկարներ, տեսանյութ)

12:30 • 16.06.18

Շոտլանդական Գլազգո քաղաքի արվեստի դպրոցում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Շոտլանդիայի հրշեջ-փրկարարական ծառայությանը:

Նշվում է, որ հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է հրշեջ ծառայության ավելի քան 120 աշխատակից:

«Այս պահին ավելի քան 120 հրշեջ ներգրավված է Գլազգոյի արվեստի դպրոցի խոշոր հրդեհի մարման աշխատանքներում: Զոհերի մասին տեղեկություններ չկան, մոտակայքում գտնվող տները տարհանվել են նախազգուշական նպատակներով: Հրդեհը տարածվում է հարևան շենքերի վրա, և հրշեջները գործադրում են բոլոր ջանքերը՝ հրդեհը տեղայնացնելու համար»,- ասվում է հրշեջ-փրկարարական ծառայության հայտարարությունում:

Հրդեհի մասին ահազանգ է ստացվել լույս հունիսի 16-ին: Դեպքի վայր է ժամանել ավելի քան 20 մարտական հաշվարկ:

Վերջին տվյալների համաձայն՝ կրակն արդեն տարածվել է Mackintosh building ուսումնական մասնաշենքի, ինչպես նաև՝ «մի քանի այլ շենքերի», այդ թվում՝ 02 ABC գիշերային ակումբի վրա:

Հրշեջ ծառայության ղեկավարի տեղակալ Յեն Բուշելի խոսքով՝ հրդեհի մարման համար կարող է շատ ժամանակ պահանջվել:

Ուսումնական հաստատության մոտակայքում բնակվող մարդկանց կոչ են արել մնալ տանը և չբացել պատուհանները:

 

 

 

Գլազգոյի արվեստի դպրոցում խոշոր հրդեհ է բռնկվել (լուսանկարներ, տեսանյութ)