Ճապոնիայում կցուցադրվեն The Beatles-ի՝ նախկինում չհրապարակված լուսանկարները (լուսանկարներ)
Ճապոնական հեռուստատեսությամբ այսօր կցուցադրվի The Beatles խմբի՝ 1966 թվականի ամռանը Ճապոնիայում ունեցած շրջագայությունը ներկայացնող 60 լուսանկար: Այս լուսանկարներով ալբոմը վաճառքի կհանվի հունիսի 18-ին:
Music Life Club-ի տվյալների համաձայն՝ այս լուսանկարների հեղինակը Ճապոնիայում հայտնի լուսանկարիչ Կացուձի Աբեն է, որը մահացել է 2008 թվականին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ լուսանկարները գտել է Աբեի որդին՝ հոր աշխատավայրում իրերը զննելու ժամանակ: Նրա խոսքով՝ թղթերի մեջ ինքը ծրար է գտել, որում էլ հայտնաբերել է խմբի՝ նախկինում անհայտ լուսանկարները:
«Չէի կարող հավատալ: Լսել էի, որ նա նկարել է Beatles-ին, սակայն ոչ մի ակնարկ չկար՝ արդյոք հայրս լուսանկարել է նրանց: Սակայն նեգատիվներով ծրարի վրա գրությունն արվել է նրա ձեռքով: Ես համոզված էի, որ դրանք հայտածվել են մեր տան մոտակայքում գտնվող ֆոտոստուդիայում», - պատմել է լուսանկարչի որդին:
Լուսանկարները հայտնաբերելուց հետո լուսանկարչի որդին տարել է ժապավենը երաժշտական հրատարակություն, որն իր հերթին կապ է հաստատել այս ոլորտի մասնագետ Տորու Օօմուրայի հետ:
«Սա ցնցող հայտնագործություն է: Հայտնաբերված 60 լուսանկարներից միայն մեկն էր հրապարակվել՝ Հանեդա օդանավակայանում արվածը: Մյուս բոլոր կադրերը չեն հրապարակվել»,- պատմել է փորձագետը Music Life Club-ին:
Նշվում է, որ 60 լուսանկարներից 37-ն արվել են 1966 թվականի հուլիսի 2-ին, երբ Beatles-ը եզրափակիչ համերգ է տվել Ճապոնիայում: Ելույթից ձայնագրություններ չեն մնացել, և այդ օրից շատ քիչ լուսանկարներ են մնացել:
Music Life Club-ը հրապարակել է Կացուձի Աբեի հեղինակած լուսանկարներից մի քանիսը, որոնք և ներկայացնում ենք ստորև.













