Հայտնի է դարձել MTV-ի վարկածով լավագույն ֆիլմը
Հոլիվուդյան արտադրության «Սև հովազ» ֆիլմը MTV Movie & TV Awards-ի վարկածով լավագույն կինոնկար է ճանաչվել:
Ինչպես հայտնում է edition.cnn.com-ը, մրցանակաբաշխությունը կայացել էր դեռևս հունիսի 16-ին, սակայն հաղթողների անունները միայն այժմ է հրապարակվել:
Մրցանակը շնորհվել է ֆիլմի գլխավոր դերակատարներ Չեդվիք Բոուզմանին, Մայքլ Բի Ջորդանին և Ուինսթոն Դյուքին, որոնք շնորհակալություն են հայտնել երկրպագուներին:
«Անհավանական զգացողություն է, երբ կոտրում ես կարծրատիպը, որ սևամորթները չեն կարող այս տեսակ ֆիլմեր ստեղծել ու լեփ-լեցուն կինոդահլիճներ ապահովել»,-նշել է գլխավոր հերոսին մարմնավորած Ջորդանը:
Նա հավելել է, որ ֆիլմը միայն սևամորթների համար չէ, այն ունիվերսալ է և բոլորի համար է:
Հավելենք, որ Marvel Comics-ի «Սև հովազ» ֆիլմը հյուսիսամերիկյան կինովարձույթում մեկուկես ամիս գտնվելու ընթացքում հավաքել է 665.4 մլն դոլար՝ ներառվելով հյուսիսամերիկյան կինովարձույթում երբևէ ներկայացված ամենաշահութաբեր ֆիլմերի լավագույն եռյակում:
Ըստ ռեժիսոր Ռայան Քուգլերի ֆիլմի սյուժեի՝ հարյուրամյակներ առաջ հինգ աֆրիկյան ցեղեր կռվել են երկնաքարի համար, որը պարունակել է վիբրանիում: Կռվողներից մեկը կուլ է տվել «սրտաձև խոտ» և արդյունքում ստացել գերմարդկային կարողություններ, ուժեր:










