Իսրայելին կարող են զրկել «Եվրատեսիլ 2019»-ն անցկացնելու իրավունքից. լրատվամիջոցներ
Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ), որն ավելի վաղ Իսրայելից պահանջել էր «Եվրատեսիլ 2019» միջազգային մրցույթը չանցկացնել Երուսաղեմում, այժմ հայտարարել է, որ Իսրայելն առհասարակ կարող է զրկվել հեղինակավոր մրցույթի կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը հյուրընկալելու իրավունքից:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, կազմակերպիչներն Իսրայելին մեղադրում են մրցույթը չափից ավելի քաղաքականացնելու համար ու այժմ բանակցություններ են վարում մրցույթն Ավստրիայում անցկացնելու հավանականության շուրջ:
Ավելի վաղ Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միրի Ռեգևը պահանջել էր կազմակերպիչներից մրցույթի հեռարձակումը խստիվ համաձայնեցնել երկրի իշխանությունների հետ:
«Դա անհրաժեշտ է, քանի որ Իսրայելի իշխանություններն են ֆինանսավորում մրցույթը»,-ասել է նախարարը:
Հայտնի է, որ ԵՀՄ-ն դժգոհ է այս պահանջներից ու Իսրայելին մեղադրում է «Եվրատեսիլ 2019»-ը չափից ավելի քաղաքականացնելու համար: Բացի այդ, ԵՀՄ-ն լուրջ մտավախություններ ունի իսրայելա-պաղեստինյան հակամարտության առնչությամբ:
Հայտնի է, որ հրեաներն ու պաղեստինցիները լուրջ տարաձայնություններ ունեն Երուսաղեմի պատկանելիության շուրջ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Երուսաղեմը ճանաչում է Իսրայելի միակ ու միասնական մայրաքաղաք, ինչը բողոքի մեծ ալիք է առաջացրել:










