Ջեյմի Լանիսթերի դերակատարը պատմել է «Գահերի խաղի» ամենադաժան տեսարանի մասին
Հանրահայտ «Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասան Նիկոլայ Կոստեր-Վալդաուն, որը կատարում է Ջեյմի Լանիսթերի դերը, Variety-ի հետ զրույցում պատմել է՝ որ տեսարանն է իր կարծիքով ամենադաժանը բոլոր յոթ եթերաշրջաններում:
Դերասանի խոսքով՝ ինքը չի կարողացել նայել երեխայի սպանության տեսարանը: «Գահերի խաղի» հինգերորդ եթերաշրջանում Ստանիս Բարատեոնը թույլ է տվել Մելիսանդրային խարույկի վրա այրել իր դուստր Շիրինին՝ ճակատամարտում հաղթելու համար:
«Շատ դաժան էր: Իհարկե, նրա մահվան մեջ իմաստ կար, ես հասկանում եմ, թե ինչու է այդպես եղել: Սակայն նայել չէի կարողանում, նույնիսկ կարդալն էր դժվար», - խոստովանել է դերասանը:
Կոստեր-Վալդաուն նաև ծանր է անվանել այն տեսարանը, որում 10-ամյա երեխային կերակրում են կրծքով:
«Դա վայրի էր ու բոլոր իմաստներով սխալ», - ասել է դերասանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոստեր-Վալդաուն պատմել է հեռուստասերիալի ավարտական եթերաշրջանի «անհետացող» սցենարների մասին:










