Գրաֆիտիի բրիտանացի հայտնի վարպետը Փարիզը «նկարազարդել է» ներգաղթյալների թեմային առնչվող նոր որմնանկարներով
«Սթրիթ արտի» բրիտանացի վարպետ Բենքսին անտարբեր չի մնացել ներգաղթյալների նկատմամբ Ֆրանսիայի կառավարության նոր մոտեցման հարցում և դա արտահայտել է Փարիզի շենքերին պատկերած մի շարք որմնանկարներով:
Ինչպես հայտնում է France Presse գործակալությունը, վերջին մի քանի օրերին գրաֆիտիի հայտնի նկարիչը «նախշազարդել է» ֆրանսիական մայրաքաղաքը՝ առնվազն 6 նոր որմնանկար պատկերելով պատերին:
Գործերից ոչ մեկն էլ ստորագրված չի եղել նրա անունով, սակայն փորձագետները պնդում են, որ հանճարեղ գործերը նրա վրձնին են պատկանում:
Մի շարք քաղաքական գործիչներ նույնպես հարցականի տակ են դնում Ֆրանսիայի՝ հակամիգրացիոն քաղաքականությունը, որի արդյունքում վերջին երեք տարում մոտ 40 ժամանակավոր ճամբար է փակվել Փարիզում: Երկրի նախագահ Էմանուել Մակրոնն էլ վերջերս հայտարարել է, որ քաղաքը մագնիս չի դառնալու փախստականների համար:
Որմնանկարներից մեկում փոքրիկ սևամորթ աղջիկ է պատկերված, որը վարդագույն պատկեր է նկարում պատին երևացող «սվաստիկայի» վրա: Այն պատկերված է ներգաղթյալների նախկին ճամբարի հարևանությամբ:










