Ջոնի Դեփը պատմել է՝ ինչպես է վատնել ունեցած միլիոնավոր դոլարները
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ գտնվում է ծայրահեղ ծանր ֆինանսական վիճակում, գրում է The Rolling Stone-ը:
Պարզվում է, որ հոլիվուդյան աստղը վատնել է գրեթե ամբողջ գումարը, որ վաստակել էր իր բազմամյա կարիերայի ընթացքում:
Հայտնի է, որ Դեփն ուներ 650 մլն դոլար կարողություն, սակայն ներկայում այդ ահռելի գումարից գրեթե ոչինչ չի մնացել: Դերասանը մանրամասնել է, որ չափից շատ գումար էր վատնում՝ առանց գիտակցելու, որ նման տխուր իրավիճակում է հայտնվելու:
Հատկանշական է, որ Դեփն իր ֆինանսական անհաջողությունների համար մեղադրում է The Management Group ընկերությանը, որի մասնագետները զբաղվել են իր ֆինանսական գործերով:
«Ես փողերը չէի հաշվում: Իսկ իմ ներկայիս ֆինանսական դրության համար պատասխանատվությունը պետք է կրի The Management Group ընկերությունը, որը զբաղվում էր ֆինանսական գործերովս: Ես գլուխ չէի հանում փաստաթղթերից, որոնք ինձ ստորագրելու համար տալիս էին: Չէի նայում գրողի տարած փաստաթղթերին, քանի որ վստահում էի այդ մարդկանց: Մինչդեռ նրանք ֆինանսական դրության մասին տվյալներ չէին ներկայացնում»,-պատմել է դերասանը:
Հայտնի է, որ Դեփը դատի է տվել ընկերությանը, որն էլ պատասխան հայց է ներկայացրել աստղի դեմ:










