Մոսկվայում մահացել է պոետ Անդրեյ Դեմենտևը
Մոսկվայում 89 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի պոետ, ռադիո և հեռուստահաղորդավար Անդրեյ Դեմենտևը: Հուլիսի 16-ին նա 90 տարեկան կդառնար: Այս մասին «РИА Новости»-ին տեղեկացրել է նրա կինը՝ Աննա Պուգաչը:
«Նա այնպես էր ուզում ապրել մինչև իր 90-ամյակը: Դեռ հունիսի 3-ին ելույթ է ունեցել «Красная площадь» փառատոնին, շփվել ընթերցողների հետ, մարդիկ երեք ժամ հերթ էին կանգնել, որպեսզի նա ստորագրեր գիրքը: Նա թուլություն էր զգում, բայց ամենակարևորը՝ նրա մեջ ոգու ուժ և կյանքի հանդեպ սեր կար», - ասել է Պուգաչը:
Պոետի կինը նաև նշել է, որ նա ցանկացել է, որ իրեն թաղեն Տվերում (ծննդավայր) կամ Մոսկվայում:
Ինչպես «Ինտերֆաքս»-ին հաղորդել է բժշկական ոլորտում աղբյուրը, Դեմենտևը մահացել է երկարատև հիվանդությունից հետո:
Հունիսի 10-ին Դեմենտևին հոսպիտալացնելու մասին տեղեկություն էր հայտնվել, սակայն նրա կինն ասել էր, որ պոետի մոտ ուղղակի մրսածություն է: Պուգաչը պատմել էր, որ Դեմենտևը դուրս է գրվել ու լավ է զգում իրեն:










