Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում. կայացել է բացման պաշտոնական արարողությունը

16:41 • 27.06.18

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն ու Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան ներկա են գտնվել Երևանում անցկացվող Սանկտ Պետերբուրգի օրերի բացման պաշտոնական արարողությանը, որն ուղեկցվել է կլոր սեղան-քննարկումով:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ռուս հյուրերին` քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նշել է, որ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային բազմակողմ համագործակցությունը գնալով ընդլայնվում է: Այս ամենի հիմքում Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության 2015-2020թթ. համագործակցության ծրագիրն է, որը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն: Դավիթ Օհանյանը նշել է, որ այս տարիների ընթացքում արդեն կյանքի են կոչվել մի շարք նախագծեր, որոնք կընդլայնվեն նաև այս և հետագա փոխայցերի ընթացքում: 

Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նույնպես նշելով Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության 2015-2020թթ. համագործակցության ծրագրի կարևորությունը՝ հետագա փոխգործակցությունը շարունակելու տեսակետից:

Կլոր սեղան-քննարկմանը ներկայացվել է Սանկտ Պետերբուրգի մասին պատմող ճանաչողական տեսաֆիլմ, ելույթներով հանդես են եկել Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև համագործակցության ոլորտային պատասխանատուները: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանն ու Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանը:

Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում. կայացել է բացման պաշտոնական արարողությունը