Մեթ Դեյմոնն ու Քրիստիան Բեյլը կնկարահանվեն Ferrari-ի և Ford-ի մրցակցության մասին ֆիլմում
Դերասաններ Մեթ Դեյմոնն ու Քրիստիան Բեյլը կնկարահանվեն «Լը Մանի 24 ժամ» մրցարշավում Ferrari-ի և Ford-ի մրցակցության մասին ֆիլմում՝ կատարելով ամերիկացի ավտոմրցարշավորդ Քերոլ Շելբիի և ինժեներ Քեն Մայլզի դերերը:
Ինչպես նշում է Variety-ն, ֆիլմի անվանումը դեռ հայտնի չէ: Ֆիլմում կպատմվի այն մասին՝ ինչպես էր Քեն Մայլզն աշխատում լեգենդար կոնստրուկտորի հետ՝ ստեղծելով մրցարշավային ավտոմեքենաներ:
Աղբյուրը մանրամասնում է, որ անանուն ֆիլմի ռեժիսորը կլինի Ջեյմս Մենգոլդը, սցենարի հեղինակը՝ Ջեզ և Ջոն-Հենրի Բաթերուորթները:
Ֆիլմի սյուժեն կներկայացնի 1966 թվականին տեղի ունեցած իրադարձությունները: Այն ժամանակ Շելբիի ու Մայլզի գլխավորությամբ ինժեներների խումբը ստեղծել է Ford GT40 մրցարշավային ավտոմեքենան, որը պետք է «Լը Մանի 24 ժամ» մարաթոնի ժամանակ հաղթեր Ferrari-ի մեքենաներին: Այս մրցարշավի ժամանակ Ford-ի ավտոմեքենաները զբաղեցրել են առաջին երեք տեղերը, իսկ Ferrari-ի ավտոմեքենան հայտնվել է ութերորդ տեղում:
Հայտնի է, որ ֆիլմն էկրաններ դուրս կգա 2019 թվականի հունիսի 28-ին:










