Հայոց ցեղասպանության մասին շարքային թուրքերը գրեթե ոչինչ չգիտեին և տեղեկացան միայն վերջերս․ թուրք գրող

17:28 • 28.06.18

Հայոց ցեղասպանության մասին շարքային թուրքերը գրեթե ոչինչ չգիտեին և տեղեկացան միայն վերջերս։ Այս մասին ասել է թուրք հայտնի գրող Զյուլֆյու Լիվանելին ռուսական lenta.ru կայքին տված հարցազրույցում։

«Հայերի ցեղասպանության մասին հասարակ թուրքերը գրեթե ոչինչ չգիտեին։ Այդ տեղեկությունը թաքցվել է և սկսել հայտնի դառնալ միայն վերջերս», - նշել է գրողը։

Իր հարցազրույցում նա նկատել է, որ թուրքական հասարակությունը բավականին բազմազան է և, օրինակ, երկրի արևմտյան բազմամիլիոնանոց քաղաքների բնակիչները խիստ տարբերվում են հարավ-արևելյան նահանգների բնակիչներից, որոնք ավանդապաշտ են և ունեն կյանքի իրենց կանոնները։

«Թուրքական հասարակությունը շատ բազմազան է, Թուրքիայում կողք կողքի ապրում են տարբեր մարդիկ։ Թուրքիան բազմաշերտ է, մեզնից յուրաքանչյուրն իր տեսակետից ճիշտ է։ Մի կողմից հարուստ անգործներն են, բուրժուազիան, որոնք առանձնապես ոչնչով զբաղված չեն ու տոնական կյանք են վարում։ Մյուս կողմից՝ միլիոնավոր հասարակ մարդիկ, որոնք ապրում են մոտավորապես այնպիսի կյանքով, ինչպես իմ վեպի հերոսը», - պատմել է Լիվանելին՝ միևնույն ժամանակ ընդունելով, որ Թուրքիան մշտապես տատանվել է Արևելքի ու Արևմուտքի միջև, իսկ թուրքերը, կարծես, ամբողջ պատմության ընթացքում ձգտել են դեպի Արևմուտք՝ նախ Միջին Ասիայից գալով Փոքր Ասիա և հետո ձգտելով դեպի Եվրոպա։

«Կարևոր է հասկանալ, որ Թուրքիայի՝ եվրոպականացման ձգտումը երեկ չի հայտնվել կամ, ասենք, 1970-ականներին։ Այդ գործընթացը ոչ ավել ոչ պակաս՝ շուրջ 250 տարեկան է։ Եթե դուք նայեք հին թուրքական լուսանկարներ՝ կտեսնեք, որ կանայք գլխաշորով կամ ծածկված դեմքով չեն, այլ հագնված են եվրոպական ոճով։ Այդ ամենը բերեց իր հետ Աթաթուրքը՝ հանրապետության հիմնադրման հետ միասին, սակայն այժմ երկրի ներկայիս իսլամամետ հայացքներով իշխանությունները ձգտում են փոխել գաղափարական այդ բաղադրիչը»,- նշել է գրողը։

 

Հայոց ցեղասպանության մասին շարքային թուրքերը գրեթե ոչինչ չգիտեին և տեղեկացան միայն վերջերս․ թուրք գրող