«Գայանե» բալետը կներկայացվի Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում
2018 թվականը հայոց պետականության ու մշակութային կյանքում նշանավորվում է մի շարք հիշարժան իրադարձություններով:
Այս տարի լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության հարյուրամյակը, մայրաքաղաք Երևանի 2800-ամյակը, ինչպես նաև հայ մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-րդ հոբելյանը:
Այս բոլոր իրադարձությունները գերազանց առիթ հանդիսացան հայ մշակույթը Ռուսաստանում լայնամասշտաբ կերպով ներկայացնելու համար:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ակտիվ աշխատանքի շնորհիվ, գրեթե 60 տարի ընդմիջումից հետո, Ռուսաստանում կցուցադրվի Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում:
Այս առիթով Երևանից կբերվեն շքեղ գունագեղ դեկորացիաներ և բեմական հագուստներ՝ վերականգնված հայ մեծ նկարիչ Մինաս Ավետիսյանի նկարների հիման վրա, ինչպես նաև կժամանի բալետային խումբը՝ Ռուսաստանի վաստակավոր արտիստ, երկու անգամ Գրեմմի մրցանակի թեկնածու՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:
«Գայանե» բալետը Մոսկվայի Մեծ թատրոնի բեմ կբարձրանա հուլիսի 24-ին։ Միջոցառումը նվիրված է Արամ Խաչատրյանի հոբելյանին ու Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին:
Վերջին անգամ «Գայանե» բալետը Մոսկվայի Մեծ թատրոնում բեմադրվել է 57 տարի առաջ`1961 թ. փետրվարին:
Միջացառման պրոդյուսերն է ՌԴ-ում ՀՀ դեսպանի հումանիտար ու մշակութային գծով խորհրդական Կարեն Խաչատրյանը։










