Նախկին գանգստերը հայտնել է Թուփաք Շակուրին սպանողի անունը (տեսանյութ)

13:54 • 03.07.18

Նախկին գանգստեր Դուեյն Քիթ Դևիսը, որը հայտնի է նաև որպես Քիֆ Դի, բացահայտել է ռեփեր Թուփաք Շակուրի սպանության մանրամասները: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ հղում անելով նոր վավերագրական ֆիլմին, որը պատմում է 1996 թվականին տեղի ունեցած հանցագործության մասին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Քիֆ Դին որոշել է պատմել ճշմարտությունը Netflix-ի՝ 10 սերիանոց Unsolved, the Tupac and Biggie Murders վավերագրական ֆիլմի դրվագներից մեկում («Չբացահայտված. Թուփաքի և Բիգգիի սպանությունները»):

Քիֆ Դիի խոսքով՝ Թուփաք Շակուրին կրակելով սպանել է նրա ազգական Օռլանդո «Baby Lane» Անդերսոնը: Այդ ժամանակ Քիֆ Դին գտնվել է մարդասպանի հետ նույն ավտոմեքենայում:

Թուփաք Շակուրին սպանել են կրծքավանդակի հատվածում հասցված չորս կրակոցով՝ դեպի Լաս Վեգաս ուղևորության ժամանակ: Ինչպես պատմել է Քիֆ Դին, պատճառ է դարձել անձնական վեճը. Անդերսոնը փորձել է Շակուրի թիմի անդամներից մեկից գողանալ բանդայի մեդալյոնը, ինչի համար էլ ռեփերն ու նրա ընկերները ծեծել են նրան:

«Մարդիկ հետապնդում են ինձ 20 տարի: Ես որոշել եմ արտահայտվել այժմ, քանի որ քաղցկեղ ունեմ: Կորցնելու բան չկա: Ես ճշմարտությունն եմ ուզում», - խոստովանել է նախկին գանգստերը:

Նշվում է, որ այժմ վավերագրական ֆիլմի պրոդյուսեր Քայլ Լոնգը խնդրում է Լաս Վեգասի ոստիկանությանը հարցաքննել Քիֆ Դիին: Ենթադրյալ մարդասպանը մահացել է 1998 թվականին՝ Լոս Անջելեսում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:

 

 

 

 

Նախկին գանգստերը հայտնել է Թուփաք Շակուրին սպանողի անունը (տեսանյութ)