«Մեծ պայթյունի տեսությունը» սիթքոմի աստղն ամուսնացել է ախոռում (լուսանկարներ)
«Մեծ պայթյունի տեսությունը» սիթքոմի աստղ, 32-ամյա ամերիկացի դերասանուհի Քեյլի Կուոկոն ամուսնացել է պրոֆեսիոնալ ձիավոր Կառլ Կուկի հետ, որի հետ ծանոթացել է 2016 թվականին՝ ձիասպորտի մրցումների ժամանակ:
Ինչպես նշում է People-ը, հարսանեկան արարողությունն անցկացվել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում՝ ախոռում:
Հարսանիքի ընթացքում Քեյլին երկու անգամ զգեստափոխվել է: Սկզբում նա Reem Acra-ի ժանյակներով զգեստ է կրել, այնուհետև՝ Tadashi Shoji-ի կոմբինեզոն:
Նշվում է, որ արարողությունը վարել է Քեյլիի քույրը, որը հատուկ դրա համար առցանց դասընթացներ է անցել:
Արարողությանը ներկա են եղել «Մեծ պայթյունի տեսության» դերասանները, մասնավորապես՝ Մաիմ Բյալիկն ու Ջոնի Գալեկին:
27-ամյա Կառլն ամուսնության առաջարկ էր արել իր սիրելիին 2017 թվականի դեկտեմբերին: Քեյլիի համար սա այնքան անսպասելի էր, որ նա արտասվել է երջանկությունից և համաձայնել ամուսնանալ նրա հետ:
Հայտնի է, որ սա Կուոկոյի երկրորդ ամուսնությունն է: Նա ամուսնացած է եղել թենիսիստ Ռայան Սվիտինգի հետ, իսկ Կուկի համար սա առաջին ամուսնությունն է:
















