«Հայկն ու Բելը» մուլտֆիլմը՝ Արմենիա TV-ի եթերում. հեռուստաընկերությունը կրթական անիմացիոն ֆիլմերի շարք է սկսում (տեսանյութ)

21:50 • 04.07.18

Կրթության և գիտության նախարարությունը վերջերս կոչ է արել հայաստանյան բոլոր հեռուստաալիքներին իրենց եթերացանցերում կրթական հատուկ ծրագրեր ունենալ նախադպրոցական ու դպրոցական տարիքի երեխաների համար:

«Արմենիա» հեռուստաընկերությունը նախաձեռնել է մի այդպիսի նախագիծ, որը երեխաներին կծանոթացնի հայոց պատմության ու դիցաբանության հերոսներին:

Նախագծի գաղափարին, անդրանիկ մուլտֆիլմի ստեղծման պատմությանը և հետագա պլաններին անդրադարձել է «Արմենիա TV»-ի «Ժամը» լրատվականը։

Նախագծի առաջին մասը Հայկի ու Բելի առասպելն է: Մուլտհերոսներն արդեն խոսում են, իհարկե հայերեն, հետագայում կխոսեն նաև օտար լեզուներով:

Նկարիչ Լևոն Աբրահամյանը մուլտֆիլմի ամեն մի կերպարի վրա աշխատել է երկար ու մանրակրկիտ: Կարևոր են բոլոր դետալները, ամեն մի կերպարի շարժումները, հագուստի գույնն ու դեմքի արտահայտությունը:

«Ամբողջությամբ ուսումնասիրել ենք դարաշրջանը, թե մարդիկ ինչպիսին են եղել այդ ժամանակաշրջանում»,– նշում է նկարիչը։

Հայկական նոր անիմացիոն նախագծի հեղինակն ու ռեժիսորը՝ Վահագն Խաչատրյանը, վեց ամիս սպասել է, որ հայկական դիցաբանության ամենավառ պատմություններից մեկը դառնա մուլտֆիլմ:

Հեղինակի խոսքով՝ մուլտֆիլմում գործածվել են «սարյանային», ասես նկարչի կտավներից վերցված գույներ։

Նախագծի հեղինակների գլխավոր նպատակը վառ, հետաքրքիր ու որակյալ անիմացիոն կրթական մուլտֆիլմ ստեղծելն էր: Հայոց պատմության ու դիցաբանության հերոսների մասին պատմող մուլտերից «Հայկն ու Բելը» առաջինն է, կլինեն ևս 11 էպիզոդներ` Նոյի, Սասունցի Դավթի ու մյուս դիցաբանական պատմությունների հիման վրա:

«Արմենիա» TV-ում հենց առաջին դրվագից հետո հասկացել են՝ կրթական նախագիծը լավն է ու շատ սպասված, բայց նաև` ծախսատար, հիմա փնտրում են հովանավորներ` շարքն ամբողջությամբ նկարահանելու համար:

«Հենց ուղարկեցինք մուլտֆիլմը հեռուստաընկերություն՝ նույնիսկ անավարտ վիճակում, առանց երաժշտության, շատ ոգևորվեցին՝ նշելով, որ հիանալի պրոյեկտ է, և անպայման կուզեն մասնակցել»,– նշում է Վահագն Խաչատրյանը։

Մուլտֆիլմը գրեթե պատրաստ է։ Մնում է միայն երաժշտությունը, այն կգրի երգահան Հայկ Հակոբյանը (Հայկոն): Հայկն ու Բելը, հսկաներն ու մյուս կերպարները դեռ միայն հայերեն են խոսում` Հրանտ Թոխատյանի ձայնով: Հետո կլինեն նաև ռուսերեն ու անգլերեն տարբերակները: Հայկական կրթական, պլաստիլինե, դիցաբանական անիմացիոն ֆիլմը հասկանալի կդարձնեն ոչ միայն հայկական լսարանի համար:

Նախագծի հեղինակները նախատեսում են կրթական մուլտֆիլմերի ցանկը մեծացնել: Այժմ «Արմենիա TV–ն» հովանավորներ է փնտրում՝ նախագիծն ամբողջությամբ կյանքի կոչելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

«Հայկն ու Բելը» մուլտֆիլմը՝ Արմենիա TV-ի եթերում. հեռուստաընկերությունը կրթական անիմացիոն ֆիլմերի շարք է սկսում (տեսանյութ)