Մահացել է The Black Keys խմբի անդամ Ռիչարդ Սվիֆթը
Հուլիսի 3-ին Վաշինգտոնում 41 տարեկանում կյանքից հեռացել է երաժիշտ Ռիչարդ Սվիֆթը, որը հայտնի է որպես ամերիկյան The Shins խմբի անդամ և The Black Keys խմբի շրջագայությունների բաս կիթառահար: Այս մասին ասվում է երաժշտի ֆեյսբուքյան էջում:
Ինչպես նշում է BBC News-ը՝ Սվիֆթի մահվան պատճառը դեռ չի բացահայտվում: Մահից մի ամիս առաջ Սվիֆթը ծանր վիճակում շտապ հոսպիտալացվել է:
«Այսօր աշխարհը կորցրեց ինձ հայտնի ամենատաղանդավոր երաժիշտներից մեկին: Այժմ նա իր մոր ու քրոջ հետ է: Ես կկարոտեմ, ընկեր», - Instagram-ում գրել է The Black Keys խմբի վոկալիստ Դեն Աուերբախը:
Ռիչարդ Սվիֆթը ելույթ է ունեցել The Black Keys դուետի շրջագայություններում 2014 թվականից՝ որպես բաս կիթառահար ու բեք վոկալիստ: The Shins խմբի կազմում նա ստեղնայիններ է նվագել 2011 թվականից:










