Բարսելոնայում Սալվադոր Դալիի կնոջն ու բնորդուհուն նվիրված ցուցահանդես կբացվի
Բարսելոնայում հուլիսի 5-ին բացվելու է հանրահայտ գեղանկարիչ, քանդակագործ Սալվադոր Դալիի կնոջը՝ Գալային նվիրված ցուցահանդեսը:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, իսպանացի նկարչի կնոջն ու բնորդուհուն նվիրված ցուցահանդեսը համատեղ կազմակերպել են Կատալոնիայի Արվեստի ազգային թանգարանը և «Գալա-Սալվադոր Դալի» հիմնադրամը:
Ազգային թանգարանի այցելուները հնարավորություն կունենան ուսումնասիրելու 60 կտավ և նկար, որոնք պատկանում են Դալիի, ինչպես նաև Պիկասոյի, Մաքս Էռնսթի, Ման Ռեյի, Սեսիլ Բիտոնայի և Բրասսարի վրձնին: Բացի դրանից, կցուցադրվեն Դալիի գլխավոր մուսայի՝ Գալայի (իրական անունը՝ Ելենա Դյակոնովա) անձնական իրերն ու նամակները:
Ցուցադրությանը 180 ցուցանմուշ կներկայացվի, որոնցից 40-ը կտրամադրի հիմնադրամը, մյուսները կբերվեն մասնավոր հավաքածուներից և ամերիկյան, ֆրանսիական, գերմանական ու իտալական թանգարաններից: Ցուցադրությունը բաց կլինի մինչև հոկտեմբերի 14-ը:










