Հայաստանը սկսել է վերագտնել իր կապը սփյուռքի հետ՝ սկսելով Գլենդեյլից. Los Angeles Times-ի անդրադարձը

15:26 • 04.07.18

Los Angeles Times պարբերականն անդրադարձել է Գլենդեյլ Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի այցին, որի ընթացքում նա կիսվել է Հայաստանի ժամանցային մշակույթի ապագայի մասին իր տեսլականով և պատասխանել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին հարցերի:

«Դաունթաուն Սենթրալ Լայբրըրի»-ում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Մակունցը հայտարարել է, որ նախարարության համագործակցությունը Լոս Անջելեսում և Երևանում հիմնված «Ստեղծարար Հայաստան» հիմնադրամի հետ կաջակցի Հայաստանի կառավարությանը երկրի ժամանցային մշակույթի բարեփոխումների հարցում:

Ինչպես գրում է հոդվածագիրը, այս հանդիպումը կարևոր իրադարձություն էր Գլենդեյլի համար, որտեղ բնակվում են Արևմուտքում ամենամեծ թվով հայերը, որոնց մեծ մասն արտագաղթել է Հայաստանից վերջին տասնամյակներին:

«Մենք հույս ունենք, որ սա նախարարի, Հայաստանի կառավարության և Գլենդեյլի ժողովրդի միջև շատ ավելի ակտիվ այցերի, խորը և ավելի ջերմ կապերի սկիզբն է»,- ասել է Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանը:

Հոդվածագիրը նշում է, որ 34-ամյա Մակունցը մեկուկես ամիս է, ինչ զբաղեցնում է մշակույթի նախարարի պաշտոնը: Նա 19 նորանշանակ նախարարներից մեկն է, որոնց մի մասն այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ցույցերի, որոնք ավելի ուշ հայտնի դարձան որպես «Թավշյա հեղափոխություն», երիտասարդ մասնակիցներ են եղել:

Գլենդեյլի գրադարանում ակնհայտ է եղել առաջին ձեռքից հեղափոխության մասին լսելու շուրջ ոգևորությունը, երբ Մակունցը 400 ներկաների հետ կիսվել է իր փորձով և ներկայացրել Հայաստանում մշակույթի մասին իր տեսլականը, գրում է պարբերականը։

Հոդվածագիրը նշում է, որ Մակունցը սկսել է խոսել անգլերեն, բայց հավաքվածների առաջարկից հետո նա շարունակել է խոսել հայերեն: Ամերիկահայ բնակիչների համար հանդիպումը բացառիկ հնարավորություն էր իրենց հայրենիքի իշխանությունների հետ նոր կապ ստեղծելու համար:

«Ստեղծարար Հայաստան»-ի փոխնախագահ Ալեք Մուհիբյանը հայտնել է, որ իշխանափոխությունից հետո, սփյուռքը կարող է «Հայաստանը դիտել որպես հնարավորություն, այլ ոչ որպես բեռ»:

Նաջարյանն, իր հերթին, հավելել է, որ այժմ, երբ սփյուռքը Հայաստանի իշխանություններից ունի աջակցություն, Գլենդեյլում հույսի զգացողություն կա:

«Գլենդեյլում մեծ փոփոխություն է տեղի ունեցել, որովհետև քաղաքը շատ սերտորեն է կապված Հայաստանի հետ՝ չնայած հեռավորությանը: Մենք իսկապես հավատում ենք, որ իշխանության այս նոր փոփոխությունը բերելու է շատ ավելի բաց, ավելի ազատ և շատ ավելի թափանցիկ կառավարման, մի բան, որ տասնամյակներ շարունակ բոլորը ցանկանում էին տեսնել Հայաստանում»,- ասել է նա: