Հոլանդահայ արվեստագետի՝ թղթից և ալյումինից պատրաստված պատմական կերպարները կցուցադրվեն Երուսաղեմում (լուսանկարներ, տեսանյութ)
Հոլանդահայ նկարիչ Կարեն Սարգսյանը Երուսաղեմի պատմությունից վերցված կերպարներ է ստեղծում՝ օգտագործելով թուղթ և ալյումին: Վարպետի աշխատանքներին անդրադարձել է Times of Israel-ը։
Նշվում է, որ Սարգսյանի աշխատանքների հավաքածուն ներառում է այն մարդկանց ֆիգուրներն ու արձանիկները, որոնք տարբեր ժամանակներում զգալի ազդեցություն են ունեցել Երուսաղեմի վրա: Պատմական կերպարների ութ քանդակների թվում են Դավիթ արքան, Սողոմոն թագավորը, Պարսից արքա Կյուրոս Մեծը, Երուսաղեմի խաչակիրների թագուհի Մելիսենդան, Սուլեյման Առաջինն ու Աննա Տիխոն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մոտ ժամանակներս Սարգսյանի աշխատանքները կցուցադրվեն Երուսաղեմի մուտքի մոտ գտնվող Դավթի աշտարակի միջնաբերդի թանգարանում: Վարպետի աշխատանքները հնարավոր կլինի տեսնել հուլիսի 8-ին բացվող «Քար, թուղթ, մկրատ» ցուցահանդեսի շրջանակում («Rock Paper Scissors»).
Սարգսյանի խոսքով՝ ինքը չի առանձնացրել հրեաների պատմությունն ընդհանուր պատմությունից, քանի որ «սա մի ընդհանուր մեծ բան է, և այս մարդիկ ընդհանուր պատմության մի մասն են կազմել»:
«Սարգսյանի այս նոր աշխատանքները, որոնք հատուկ ստեղծվել են ցուցահանդեսի համար, բացառիկ ու ժամանակակից ձևով են մեկնաբանում Երուսաղեմի պատմական կերպարներին»,- ասել է թանգարանի ղեկավար, գլխավոր կուրատոր Էյլաթ Լիբերը:
Լիբերի խոսքով՝ այս աշխատանքները «տեսողական եղանակով արտահայտում են այն հույսերը, ազդեցությունները, պլաններն ու մարտահրավերները, որոնք հազարավոր տարիներ ուղեկցել են քաղաքի պատմությունը»:
Կարեն Սարգսյանն ու նրա կինը Երուսաղեմ են ժամանել երեք ամիս առաջ՝ տանելով 100 կգ ալյումին և ավելի քան 2.500 դանակ, որոնց միջոցով էլ պատրաստվել են ցուցահանդեսին ներկայացվելիք աշխատանքները:













