Մոսկվայաբնակ հայի անունը ներառվել է աշխարհի լավագույն երիտասարդ դիզայներների ցանկում
Իտալական Միլան քաղաքում հրատարակվել է Fashion Talent ամսագրի հատուկ համարը, որում ներկայացված է համաշխարհային նորաձևության 40 լավագույն դիզայներների ու տպավորիչ բրենդերի ցանկը:
Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, ցանկում ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի ներկայացուցիչներից զատ ներառվել է նաև հայազգի մոսկվայաբնակ դիզայներ Հարութ Առուստամյանը:
Նշվում է, որ երիտասարդը Arut Mscw բրենդի հիմնադիրն է: 2016թ. հիմնադրված բրենդը զբաղվում է կանանց և տղամարդկանց հագուստի արտադրմամբ:
Հայտնի է, որ Առուստամյանը մասնագիտական կրթություն է ստացել Լոնդոնում, Միլանում և Ֆլորենցիայում: Բացի այդ, նա աշխատել է Dsquared2 և Maison IRFE նորաձևության տներում:
Հավելենք, որ վերոհիշյալ ցանկը կազմվել է Եվրոպայում լավագույններից մեկը համարվող Istituto Marangoni նորաձևության և դիզայնի դպրոցի հետ համատեղ: Ցանկում ներառվել են այն դիզայներները, որոնք հասցրել են արժանանալ հասարակության վստահությանն ու հայտնի են դարձել նորաձևության աշխարհում:










