Էլվիս Կոստելոն քաղցկեղի ագրեսիվ տեսակի պատճառով չեղարկել է համերգային շրջագայությունը

17:19 • 06.07.18

Բրիտանացի հայտնի երաժիշտ Էլվիս Կոստելոն պատմել է, որ վերջերս իր մոտ ախտորոշվել է փոքր, բայց շատ ագրեսիվ քաղցկեղային ուռուցք, ինչի հետևանքով նա ստիպված է եղել չեղարկել համերգային շրջագայությունը:

Ինչպես նշում է Тhe Guardian-ը, Կոստելոն մանրամասնել է, որ արդեն վիրահատվել է ու այժմ կազդուրվում է:

Երաժշտի խոսքով՝ սկզբում ինքը որոշել էր շարունակել Եվրոպայով մեկ համերգային ելույթները, սակայն բժիշկը հակառակն է խորհուրդ տվել:

Կոստելոն ներողություն է խնդրել նախապես տոմսերը գնած երկրպագուներից: Բացի այդ, երաժիշտը խորհուրդ է տվել նրանց միշտ հետևել բժիշկների խորհրդին ու հնարավորինս արագ գործել:

«Դա կարող է փրկել ձեր կյանքը: Հավատացած եղեք՝ դա ավելի լավ է, քան ռիսկի դիմելը»,-նշել է նա:

Կոստելոն Մեծ Բրիտանիայի ամենահայտնի երաժիշտներից է, որը մեծ ազդեցություն է ունեցել ժամանակակից փոփ երաժշտության զարգացման վրա: Նա թողարկել է 24 ալբոմ, համագործակցել բազմաթիվ հայտնիների հետ:

Էլվիս Կոստելոն քաղցկեղի ագրեսիվ տեսակի պատճառով չեղարկել է համերգային շրջագայությունը