Բացահայտի՛ր Հայաստանի բնությունն ու պատմությունը. Սմիթսոնյան փառատոնն անդրադարձել է հայաստանյան զբոսաշրջությանը
Ամերիկյան Սմիթսոնյան ինստիտուտի կազմակերպած մշակութային փառատոնի շրջանակներում, որում այս օրերին Վաշինգտոնում ներկայացվում են նաև հայկական մշակույթն ու ավանդույթները, անդրադարձ է կատարվել Հայաստանում արշավային զբոսաշրջությանը:
«Հայաստանը խորհրդավոր երկիր է՝ հարուստ քարերով, հիասքանչ լճերով, հոսող գետերով, բազմազան բուսականությամբ և ձյունածածկ լեռնագագաթներով, որոնց մասին հաճախ լեգենդներ են հյուսվում, ինչպես օրինակ՝ Մարկո Պոլոյի ճանապարհորդությունները Մետաքսի ճանապարհով և Նոյան տապանի հանգրվանն Արարատ լեռան գագաթին»,- ասվում է փառատոնի կայքում հրապարակված հոդվածում:
Հոդվածագիրը նշում է, որ «Հայաստանի տպավորիչ մշակութային ժառանգության շերտերը ներկայացված են բնապատկերներում, քարանձավային որմնանկարներում, ժայռափոր վանքերում, ամրոցներում և հայկական խաչքարներում: Որպես Հայաստանի գանձերից մեկը նշվում է ժողովրդի ջերմությունն ու հյուրընկալությունը:
Հոդվածագիրը շեշտում է Հայաստանում արշավային զբոսաշրջության հնարավորությունները, մասնավորապես՝ Տավուշի մարզում:
Հիշեցնենք, որ 10-օրյա փառատոնը Վաշինգտոնում մեկնարկել է հունիսի 27-ին, որի շրջանակներում ցուցադրվել են Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» և «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմերը:










