Ռոման Պոլանսկու կինը հրաժարվել է դառնալ ամերիկյան կինոակադեմիայի անդամ
Ֆրանսիացի դերասանուհի Էմանուել Սենյեն՝ հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու կինը, մերժել է Կինոարվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ դառնալու հրավերը: Այդ մասին դերասանուհին հայտարարել է կիրակի Le Journal du Dimanche թերթում հրապարակված բաց նամակում:
Այդ որոշումը դերասանուհին կայացրել է ի նշան բողոքի այն բանի դեմ, որ Ակադեմիան ավելի վաղ իր անդամների ցանկից հանել է ռեժիսոր Ռոման Պոլանսկուն՝ նրա նկատմամբ սեռական ոտնձգությունների համար առաջադրված քրեական մեղադրանքների առնչությամբ:
«Կինոարվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիան առաջարկել է ինձ, ինչպես և մի շարք այլ դերասանուհիների, դառնալ իրենց անդամ՝ ֆեմինիզացիայի շրջանակներում, որն իսկապես անհրաժեշտ է: Ես ինքս արդեն վաղուց ֆեմինիստ եմ, բայց միևնույն ժամանակ ես չեմ կարող արհամարհել այն, որ մի քանի շաբաթ առաջ Ակադեմիան հեռացրել է իմ ամուսին Ռոման Պոլանսկուն՝ նույնպես հավանաբար ժամանակի ոգուն համապատասխանելու համար: Ընդ որում՝ դա նույն Ակադեմիան է, որը նրան 2003 թվականին «Օսկար» է շնորհել որպես լավագույն ռեժիսոր «Դաշնակահարը» ֆիլմի համար»,- հայտարարել է Սենյեն:
Դերասանուհին «վիրավորական» է անվանել Ակադեմիայի առաջարկը՝ նշելով, որ կառույցին հավանաբար թվում է, որ նա կարիերիստ դերասանուհի է և իր ամուսնու մեջքի հետևում փառքի է ձգտելու՝ մոռանալով, որ 29 տարի ամուսնացած է եղել նրա հետ:










