Կանադայում բարեգործական համերգ է տեղի ունեցել՝ հայ որբերին օգնելու համար

21:24 • 09.07.18

Մոնրեալի Հայ ավետարանական եկեղեցում հուլիսի հինգին դասական երաժշտության համերգ է տեղի ունեցել, որը կազմակերպել է Հայ որբերի օգնության միությունը՝ հայրենիքում ապրող որբերին օգնելու համար:

Ինչպես հաղորդում է Horizon weekly-ն, համերգի բացման ելույթում միության Մոնրեալի մասնաճյուղի նախագահ Սարգիս Երեցյանն ընդգծել է, որ իրենց կազմակերպած հանգանակությունն ուղղվելու է նաև Ջավախքում, Լիբանանում և Սիրիայում բնակվող հայ որբերին: Նրա խոսքով՝ միության գլխավոր նպատակը երեխաների ֆիզիկական, էմոցիոնալ և մտավոր զարգացմանը նպաստելն է:

Ինչպես նշվում է, միությունը նորարար սարքեր է տրամադրել Գյումրիում  գտնվող ատամնաբուժական կենտրոնին, որից կարող են օգտվել ոչ միայն որբերը, այլև քաղաքի բոլոր բնակիչները:

Համերգին ելույթ են ունեցել Մարինե Գրիգորյանը (սոպրանո), Էլի Բերբերյանը (տենոր), որոնք հատվածներ են ներկայացրել Պուչինիի, Վերդիի, Կոմիտասի և այլ դասական կոմպոզիտորների գործերից: Նրանց նվագակցել է դաշնակահար Գրիգորի Շահվերդյանը:

Միջոցառման ժամանակ ավելի քան 30 000 դոլար է հանգանակվել:  

 

Կանադայում բարեգործական համերգ է տեղի ունեցել՝ հայ որբերին օգնելու համար