Հոլիվուդում մտադիր են ֆիլմ նկարահանել Թաիլանդի քարանձավում շաբաթներով թակարդված երեխաների մասին
Մինչ Թաիլանդի հյուսիսում գտնվող ու հորդառատ անձրևների հետևանքով տեղ-տեղ հեղեղված Թհամ Լուանգ քարանձավային համալիրում շարունակվում է հունիսի 23-ից այնտեղ թակարդված երեխաների ու նրանց մարզչի տարհանման վտանգավոր գործողությունը, հոլիվուդյան երկու պրոդյուսեր ժամանել են դեպքի վայր՝ նպատակ ունենալով իրական դեպքերի հիման վրա հետագայում ֆիլմ նկարահանել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, պրոդյուսերներն ակնկալում են, որ իրենց կհաջողվի շատ հետաքրքիր ֆիլմ նկարահանել:
«Կարծում եմ, որ սա առաջնակարգ աստղերի մասնակցությամբ ու շատ մեծ հաջողություն ունեցող ֆիլմ է լինելու»,-ասել է կինոպրոդյուսեր Մայքլ Սքոթը, որը Pure Flix Films-ի գործընկերն է:
Սքոթի հետ Թաիլանդ է ժամանել մեկ այլ պրոդյուսեր Ադամ Սմիթը: Նրանք ներկայում հարցազրույցներ են անցկացնում օրեր շարունակ քարանձավի մուտքի մոտ գտնվող մարդկանց հետ: Նրանք մտադիր են ապագա ֆիլմի սցենարի գրման աշխատանքներում ներգրավել փրկարարական գործողություններին մասնակցած լողորդներին ու ջրասուզորդներին, ներսում թակարդվածներին, նրանց ընտանիքների անդամներին:

Սքոթը չի բացառել, որ հոլիվուդյան մյուս պրոդյուսերական ընկերությունները ևս հետաքրքրված կլինեն նման հեռանկարով:
«Գիտակցում ենք, որ այժմ այս մարդկանց համար բարդ շրջան է, սակայն մենք սպասելու ժամանակ չունենք, այլ ընկերություններ էլ կարող են գալ»,-ասել է Սքոթը:

Հիշեցնենք, որ 11-16 տարեկան 12 երեխաներից բաղկացած խումբն իրենց մարզչի հետ մտել էր 7 կմ երկարությամբ քարանձավն ու հանկարծակի սկսված հորդառատ անձրևի հետևանքով զրկվել դուրս գալու հնարավորությունից: Հայտնի է, որ ջուրը փակել է քարանձավի մուտքը՝ ներսում թակարդվածներին ստիպելով ավելի հեռանալ մուտքից ու պատսպարվել քարանձավի ամենախոր հատվածում: Ինը օր սոված ու լիակատար մթության մեջ մնալուց հետո նրանց օգնության էին հասել բժիշկներն ու զինծառայողները: Մի քանի օր անց սկսվել էր փրկարար գործողությունը: Այժմ քարանձավից դուրս է հանվել 11 երեխա:











