Վինի Թուխի մասին գրքին կից քարտեզն աճուրդում վաճառվել է 570 հազար դոլարով (լուսանկար)

14:39 • 11.07.18

Sotheby's աճուրդային տան աճուրդում 430 հազար ֆունտ ստերլինգով (570 հազար դոլար) վաճառվել է Վինի Թուխի մասին գրքին կից քարտեզը: Քարտեզը ներկայացնում է անգլիացի գրող Ալան Միլնի ստեղծած կախարդական աշխարհը:

Ինչպես նշվում է Sotheby's-ի Twitter-ի էջում, գումարը, որն անհայտ կոլեկցիոները վճարել է գծանկարի համար, ռեկորդային է դարձել բոլոր գրքային նկարազարդումների համար, որոնք երբևէ վաճառվել են աճուրդում:

Աճուրդային տան հաղորդագրությունում նաև ասվում է, որ չնայած պաշտոնապես նկարի հեղինակ է համարվում նկարազարդող Էռնեստ Շեպարդը՝ ենթադրվում է, որ աշխատանքի ժամանակ նրան օգնել է Միլնի որդի Քրիստոֆեր Ռոբինը: Այս վարկածի օգտին է խոսում նկարի վրա մանկական ձեռագրով արված գրառումը. «Նկարվել է իմ կողմից, իսկ պարոն Շեպարդն օգնել է»:

Նշվում է, որ կախարդական աշխարհի քարտեզը, որում ապրում են Վինի Թուխն ու նրա ընկերները, հայտնվել է Ալան Միլնի գրքի առաջին հրատարակություններում, ինչպես նաև՝ ներկայացվել Վինի Թուխի մասին առաջին մուլտֆիլմում:

 

 

 

Վինի Թուխի մասին գրքին կից քարտեզն աճուրդում վաճառվել է 570 հազար դոլարով (լուսանկար)