Մեր ժամանակներում բոլորն իրենց չորս կողմը նայում են, բայց ոչինչ չեն տեսնում, «Հայելու միջով» ֆիլմը հենց տեսնելու մասին է. ռեժիսոր

22:32 • 12.07.18

Մեր ժամանակներում բոլորն իրենց չորս կողմերը նայում են, բայց ոչինչ չեն տեսնում, «Հայելու միջով» ֆիլմը հենց տեսնելու մասին է. Կինոյի տանը Երևանյան 15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր»  ազգային մրցութային ծրագրում ընդգրկված «Հայելու միջով» ֆիլմի ցուցադրությունից հետո Tert.am-ի հետ զրույցում ասաց ֆիլմի ռեժիսոր Արսեն Առաքելյանը:

Նշենք, որ ֆիլմը ներկայացնում է, թե ինչպես են կույր մարդիկ ընկալում օպտիկական իրողություն ներկայացնող արվեստը: 

«Այն մարդիկ, ովքեր թվում է, թե չեն տեսնում,  շատ ավելի լավ են նայում ու գնահատում իրենց ձևով տեսածը: Ֆիլմում մի քանի անգամ հնչեց, որ արվեստը շրջանակներից դուրս է և այդպես պետք է լինի արվեստը, որ տեսնող-չտեսնող, կրթված, թե չկրթված հասկանա»,-ասաց նա:    

Արսեն Առաքելյանը պատմեց, թե ինչպես է ծնվել ֆիլմի գաղափարը: «Գնացել էի գեղանկարիչ Մարտիրոս Բադալյանի ցուցահանդեսին և նկատեցի, որ ցուցահանդեսի բացմանը ոչ ոք նկար չի նայում, կոլաժները ոչ ոք չի նայում, բոլոր եկել են միմյանց հետ զրուցում են, ամեն ինչ անում են՝ բացի նկար նայելուց: Դրանից հետո իմ մոտ մտահղացում առաջացավ, և ես Կույրերի մշակույթի պալատից կույրերին բերեցի, ովքեր եկան նկարները՝ շոշափելու միջոցով նայելու:  Հետո ավելի զարգացավ, երբ որ ես արվեստ լսեցի,  օրինակ՝ կոմպոզիտոր Վահան Նահապետյանը,  ում մոտ կոլաժը ձեռքերով շոշափելով տեսնելուց հետո երաժշտություն է  ծնվում, ինչպես մեր մոտ, երբ ինչ-որ բան տեսնում ենք և դրանից նոր բան է ծնվում»,- ասաց նա:

Թիրախը գլխավոր հերոսների միջավայրն է, որը նրանց հիշեցնում է մի զուգահեռ աշխարհի գոյության մասին, աշխարհ, որն ըմբռնման և հարգանքի կարիք ունի: Ֆիլմի անվանումը ճշգրտորեն արտացոլում է իրավիճակը. տեսողական ընկալման խնդիր ունեցողների համար ոչ մի խոչընդոտ չկա դեպի իրականության հայելին:

Ռեժիսորի խոսքով՝ կույրերը, ովքեր տարբեր արվեստներով են զբաղվում, ֆիլմի հերոս են ընտրվել ոչ թե այն պատճառով, որ կույր են, այլ իրենց առանձնահատուկ, տաղանդավոր լինելու համար: «Այստեղ որևէ մանիպուլյացիայի հարց չկար, որ ֆիլմը կույրերի մասին է, նայեք ֆիլմը, այլ այն, թե իրենք ինչպես են ընկալում արվեստը և դրանից նոր արվեստ ստեղծում»,-ասաց նա:

Ի դեպ, ռեժիսորը ֆիլմում վավերագրական նյութը գեղարվեստական լուծումներով էր ներկայացրել: «Երբ իրենք շոշափելով նայում էին կոլաժները և  մեկնաբանում էին իրենց ընկալածը, ես չգիտեմ՝ հաճույքից ինչ էր կատարվում հետս, և այդ հաճույքի կադրերը փորձել եմ փոխանցել: Դա այն մեկնաբանությունն էր, որոնք նրանց կողմից արվում էր, և իմ պատկերցմամբ՝ իրենք ևս հենց այդպես են պատկերացում»,-ասաց նա և հավելեց, որ ինքը որպես ռեժիսոր չի կարող տեղի ունեցածին չմիջամտել: 

Արսեն Առաքելյանը 1995-2000 թթ. սովորել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի կինոյի բաժնում: 1995-2002 թթ. եղել է Երևանի պետական դրամատիկական թատրոնի դերասան: 2003-ին արվեստագիտության թեկնածուի աստիճան է ստացել: 2002-ից աշխատում է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտում, 2004-ից՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: