Ամերիկացի լուսանկարիչը կիսվել է իր աշխատանքներով՝ Photoshop-ից առաջ և հետո (լուսանկարներ)
Մեր օրերում լուսանկարիչները հաճախ են դիմում տարբեր ֆոտոխմբագրիչների օգնությանը, որոնցից ամենատարածվածը Photoshop-ն է: Սակայն ոմանք չեն ընդունում ֆոտոխմբագրիչներից օգտվելու փաստը՝ կարծելով, որ այդպես անելով իրենք սխալ են գործում կամ «խաբում» մարդկանց:
ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում բնակվող լուսանկարիչ, երկու երեխաների մայր Լիլիա Ալվարադոն խոստովանել է, որ ինքը բավական հաճախ է դիմում Photoshop-ի օգնությանը, ու պատմել, թե ինչու է դա նորմալ:
«Վերջերս լուսանկար եմ հրապարակել Instagram-ում, որով հպարտանում եմ, սակայն մարդկանց արձագանքը շատ տարբեր էր. ոմանք դրական գնահատական տվեցին, այնինչ մյուսները համակարգչային գրաֆիկա անվանեցին այն: Սա ստիպեց ինձ մտածել՝ արդյո՞ք մարդիկ հասկանում են լուսանկարչության էությունը և ինչո՞ւ են նրանք այդքան դեմ ֆոտոխմբագրիչներին», - պատմել է նա:
Ալվարադոյի խոսքով՝ ինքը սկսել է զբաղվել լուսանկարչությամբ իր երկվորյակ դուստրերի՝ Անաբելլայի ու Ջուլիեթի ծնվելուց հետո:
«Ամեն օր նրանք ոգեշնչում են ինձ, և լուսանկարչության միջոցով ես փորձում եմ մուտք գործել իմ երեխաների աշխարհը, հասկանալ նրանց զգացողություններն ու վերստեղծել բոլոր այն կախարդական պահերը, որոնց հետ ենք նայում ու ժպտում: Սա ենթադրում է ցանկացած լուսանկարչական գործիքների կիրառում, որոնք ավելի մոտ կբերեն մեզ այս ամենին: Photoshop-ն այդ գործիքներից մեկն է», - պարզաբանել է լուսանկարիչը:
Ալվարադոն Bored Panda կայքում կիսվել է իր աշխատանքներով՝ Photoshop-ից առաջ և հետո, որոնք և ներկայացնում ենք ստորև:





















