XXXTentacion ռեփերի սպանության համար մեղադրել են 4 երիտասարդի
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բրոուարդ շրջանի դատարանը չորս կասկածյալի մեղադրանքներ է առաջադրել XXXTentacion կեղծանունով ռեփեր Ջասեյ Դուեյն Օնֆրոյի սպանության համար, գրում է The Hollywood Reporter-ը:
Մեղադրյալները չորսն են՝ Դեդրիկ Ուիլյամսը, Մայքլ Բոութրայթը, Թրեյվոն Նյուսոմը և Ռոբերտ Ալենը: 20-ից 24 տարեկան անձանց մեղադրում են սպանության և զինված կողոպուտի համար: Նրանցից երկուսը ձերբակալված են, մյուս երկուսը հետախուզվում են:
20-ամյա XXXTentacion-ին սպանել են հունիսին՝ Մայամիում սեփական մոտոսրահից դուրս գալու ժամանակ, երբ նա հասցրել է նստել ավտոմեքենան: Սպանությունից հետո հանցագործները հեռացել են դեպքի վայրից՝ ավտոմեքենայից վերցնելով Louis Vuitton պայուսակը:
XXXTentacion-ը հայտնի էր իրավապահ մարմինների հետ ունեցած խնդիրներով: Մահվան պահին նա գտնվել է տնային կալանքի տակ:










