ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը մրցանակ կշնորհի Ցեղասպանության մասին «Մերժման ճարտարապետները» ֆիլմի ստեղծողներին

16:42 • 20.07.18

Ռեժիսոր Դևիդ Լի Ջոնսի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մերժման ճարտարապետները» (Architects of Denial) վավերագրական ֆիլմի գործադիր պրոդյուսերներն ու ստեղծագործական թիմն ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի արևմտյան թևի կողմից կպարգևատրվեն՝ ստանալով ANCA-WR-ի Excellence in Media մրցանակ:

Ինչպես հայտնում է Asbarez-ը, մրցանակի հանձնման արարողությունը կկայանա հոկտեմբերի 7-ին՝ Beverly Hilton հյուրանոցում:

ANCA-WR-ի գործադիր տնօրեն Նոռա Հովսեփյանն ընդգծել է, որ «Մերժման ճարտարապետները» շատ արդյունավետ գործիք է պատմական փաստը հերքող թուրքական և ադրբեջանական լոբբիստական խմբերի դեմ պայքարում:

Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մերժման ճարտարապետները» վավերագրական ֆիլմը մեծ էկրան էր բարձրացել 2017թ. աշնանը:

Ֆիլմի հերոսներն են պատմաբաններ, գիտնականներ, ցեղասպանությունների փորձագետներ, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որոնք քննարկում են, թե ինչու են Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան մինչ օրս վիճարկում պատմական փաստերը` հրաժարվելով թուրքերի արածին տալ ցեղասպանություն սահմանումը:


ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը մրցանակ կշնորհի Ցեղասպանության մասին «Մերժման ճարտարապետները» ֆիլմի ստեղծողներին